Խորհրդարանական եռյակը /ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՀԱԿ/ փետրվարի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել`ՙՇրջանառության հարկի մասին՚ նոր օրենքի քննարկման նպատակով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով, խորհրդարանական եռյակն աջակցելու է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին`օրենքի գործողությունը կասեցնելու նպատակով: ՙԽնդրում ենք քաղաքացիներին ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանի շենքի մոտ գտնվել՚,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թ. հոկտեմբերի 1-ից, սակայն բողոքի բազմաթիվ ակցիաները ստիպել են գործադիր իշխանությանը վերջինիս կիրառման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 1-ը: Օրենքի դրույթների համաձայն, նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Սակայն, փաստաթուղթը գործարքների պարտադիր փաստաթղթաշրջանառության վերաբերյալ պահանջ է պարունակում, ինչը բողոքի ալիք է բարձրացրել:
Նշենք, որ փաստաթղթերի բացակայության դեպքում ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տոգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: