ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես շփումների մեջ են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և հաճախ անցկացնում են հանդիպումներ, հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ ԱՊԱ-ի` Ուորլիքը նշել է, որ թեև օգոստոսի համար ծրագրեր չկան, համանախագահները փորձում են շարունակել սերտ կապ պահպանել համագործակցել երկու նախարարների հետ:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում երկու նախագահները ցանկություն են հայտնել կրկին հանդիպել` բանակցությունների ճանապարհով կագավորման հասնելու համար: Մենք ուսումնասիրում ենք նոր հանդիպւոմ կազմակերպելու հնարավորությունները: Գոյություն ունեցող առաջարկությունները քննարկելու համար մենք մշտապես շփումների մեջ ենք նախագահների և նախարարների հետ», - նշել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: