Ի տարբերություն Մոսկվայի լիակատար ենթակայության տակ գտնվող Հայաստանի իշխանությունների՝ Անկարան և Բաքուն Ռուսաստանի հետ հարաբերություններում հստակորեն հետամուտ են լինում սեփական շահերին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային խնդիրների վերլուծաբան, Արցախյան պատերազմի հերոս Սարգիս Հացպանյանը:
ՙՍիրիայում ԻԼԻՊ-ին աջակցությամբ, այդ սպառնալիքի տարածման հեռանկարով Թուրքիան իր շուրջը պահեց ԱՄՆ-ին և Եվրոպային՝ ռուսական կործանիչը խոցելու թույլտվություն ստանալով նրանցից: Այդպիսով փորձարկվեցին Ռուսաստանի կարողությունները, որը մեծ հաշվով անկարող գտնվեց որևէ բան լուծել Սիրիայում: Սակայն, դրանից հետո Ռուսաստանի հետ կրկին երկխոսելու ցանկություն առաջացավ թուրքերի մոտ, ինչը և արվեց Ադրբեջանի օգնությամբ, որի սանձազերծած ապրիլյան ագրեսիային Մոսկվան ուղղակի ստիպված էր արձագանքել՚,- նշել է նա:
Ընդ որում, Ադրբեջանը, ըստ վերլուծաբանի, համաձայնում է անդամակցել ԵՏՄ-ին՝ բացառապես Արցախը ստանալու գնով: Թուրքիան դրանում աջակցում է վերջինիս՝ շանտաժի ենթարկելով Մոսկվային ՌԴ առանձին սուբյեկտներում ռուսաստանցի մահմեդականների ինքնորոշման ձգտմանն աջակցությամբ:
Որպես լոյալության համար գին՝ նշվում է Արցախը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը, Հացպանյանի կարծիքով, հրահրեց ապրիլյան պատերազմը՝ ցույց տալու Հայաստանին իր լիակատար միայնության փաստը և, համապատասխանաբար, հանուն Բաքվի և Անկարայի շահերի Արցախի վերաբերյալ սեփական առաջարկներին համաձայնողությունը:
Ըստ որում, Արցախի և Հայաստանի վերջնական հանձնումը, նրա կարծիքով, ամենևին ռուսական շահերից չի բխում, քանի որ այդ դեպքում Թուրքիան Ադրբեջանի հետ միասին անխուսափելիորեն դուրս կհրավիրի Ռուսաստանին տարածաշրջանից, ինչը Մոսկվայում շատ լավ հասկանում են: Սակայն, կա նաև ԱՄՆ-Իսրայել տանդեմը, որին փորձում է դիմակայել պուտինյան Ռուսաստանը՝ այդ թվում բռունցք թափ տալով Ղարաբաղում: Եվ գլոբալ խաղացողների համար Հարավային Կովկասի կարևորության լույսի ներքո՝ Հայաստանն ուղղակի պարտավոր է, վերջապես, սեփական դերակատարությունն ունենալ տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներում:
ՙԻրականությունն այն է, որ Հարավային Կովկասում ցանկացած կողպեք բացելու համար Մոսկվային միշտ հարկավոր է հայկական բանալի, որը, վերջապես, պետք է դադարենք նվիրել նրան: Հայաստանը շատ լավ կարող է ընդհանուր լեզու գտնել թե՛ Ադրբեջանի, թե՛ նույնիսկ Թուրքիայի հետ՝ առանց Ռուսաստանի միջնորդության, ինչն այդքան թանկ է մեզ վրա նստում: Բնական է, որ Ռուսաստանին դա ձեռնտու չէ, այդ պատճառով նախընտրում է պահպանել կրակը Ղարաբաղում՝ պարբերաբար վախեցնելով մեզ թուրքական յաթաղանով՚,- ամփոփել է վերլուծաբանը: