Նախօրեին Հայաստան ժամանած Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Սրբազան քահանայապետին ուղեկցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի հոգևոր դասի և ղեկավարության ներկայացուցիչներ:
Սգո քայլերգի հնչյունների ներքո Սրբազան քահանայապետն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ուղղվել են Անմար կրակի մոտ: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն աղոթել է հուշահամալիրի մուտքի մոտ, ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, մասնակցել է Անմար կրակի մոտ աղոթքին: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հուշահամալիր էր բերվել անցյալ տարի սրբերի շարքը դասված Ցեղասպանության զոհերին նվիրված սրբապատկերը: Արարողության ավարտին Հռոմի պապն արտասանել է «Հայր մերը», այնուհետև բացօթյա մեքենայով ուղևորվել է Հիշողությունների պուրակ, որտեղ օրհնել եւ ջրել է իր անունից տնկված եղևնին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նույնպես Սրբազան քահանայապետն անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարցին: «Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով, որոնք նայում են դեպի ապագա», - նշել էր Սրբազան քահանայապետը: