Կառավարող ՀՀԿ-ն հարգում է ԲՀԿ առաջնորդի պաշտոնից
հեռանալու Գագիկ Ծառուկյանի որոշումը, դա նրա անձնական որոշում էր: Այդ մասին
լրագրողներին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ
Շարմազանովը: Նա նաև ճիշտ է համարում ԲՀԿ նոր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի` ԲՀԿ
ընդդիմադիր հռչակելու որոշումը, միևնույն ժամանակ, թե որքանով ԲՀԿ-ն կարող է
արդարացնել հասարակության ակնկալիքներն այդ նոր ամպլուայում` ցույց կտա ժամանակը:
«Չեմ ուզում ժամանակից
շուտ ինչ-որ կանխատեսումներ անել: Գովեմ` ասելու եք ձեր գրպանային ընդդիմությունն է, քննադատեմ` ասելու եք ընկածին խփում են: Կապրենք` կտեսնենք, համենայն դեպս, մեկ օրում
ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում, ժամանակ է պետք», - ասել է
Շարմազանովը լրագրողներին: Նա հավելել է, որ ՀՀԿ-ն անձնական հաշիվներ չունի
քաղաքական գործիչներից որևէ մեկի հետ, իշխանական կուսակցությունը պայքարել է
բացառապես երևույթների դեմ:
Ընդ որում փոխխոսնակը կարծում է, որ Հայաստանի
ընդդիմությունն այսօր լավագույն ժամանակներ չի ապրում: «Բարդ գործընթացներ են
գնում ՕԵԿ-ում, «Ժառանգությունում», ՀԱԿ-ը կատարեց իր կարապի երգը, տեսնենք` իրեն
ինչպես կպահի ԲՀԿ-ն: Շատ բան կպարզվի սահմանադրական բարեփոխումներից հետո», -
համոզված է հանրապետականը: Նրա ասելով, վերջին իրադարձություններն ու
գործընթացները ակնհայտորեն ցույց տվեցին, որ գաղափարական առումով ամենաազդեցիկ
ուժը ՀՀԿ-ն է, հենց նա հաջողության առավել շանսեր ունի առաջիկա 10 տարում:
Մարտի 5-ին ԲՀԿ համագումարում կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը
հայտարարել է մեծ քաղաքականությունից, կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի
պաշտոններից հեռանալու մասին: ԲՀԿ նախագահ է ընտրվել կուսակցության խորհրդարանական
խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, թե կուսակցությունն
այժմ գործելու է ընդդիմության ճամբարում: