Հայաստանը
և Ուկրաինան, կարծես, արդեն կողմնորոշվել են իրենց արտաքին քաղաքական վեկտորների
առնչությամբ: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Կիևի և Երևանի փոխգործակցությունը` հաշվի
առնելով այդ նոր իրողությունները:
Իրոք, դատելով ըստ պաշտոնական հաղորդագրությունների,
Հայաստանն այս տարի պատրաստվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանն
անդամակցության շուրջ պայմանագիրը: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադան
սեպտեմբերին նախատեսում է վավերացնել Եվրամիության հետ ասոցացման շուրջ
համաձայնագիրը: Կողմերից յուրաքանչյուրն ունի սեփական ժամանակացույցներն ու
պարտականությունները գործընկերների հանդեպ, ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Եվրասիական
հանձնաժողովում: Սակայն դա ոչ մի կերպ չի ազդում հայ-ուկրաինական երկկողմ
հարաբերությունների վրա: Ես բազմիցս դա կրկնել եմ և այժմ էլ շեշտում եմ: Երկխոսությունը
շարունակվում է բոլոր մակարդակներում:
Ինչպիսի՞
հարաբերություններ են ստեղծվում Ուկրաինայի նոր իշխանության և բազմամարդ հայ
համայնքի միջև, հատկապես` ղրիմյան իրադարձություններից և դրանց նկատմամբ
պաշտոնական Երևանի դիրքորոշումից հետո:
Ուկրաինան և Հայաստանը կապված են դարավոր
բարեկամությամբ, որի հիմքում ընկած են երկու երկրների ժողովուրդների միջև հաստատուն կապերը: Հայերն
առաջին անգամ Ուկրաինայում հայտնվել են Կիևյան Ռուսիայի ժամանակներում` 11-րդ
դարում, և այժմ ապրում են մեր երկրի բոլոր տարածաշրջաններում: 2001 թվականի
մարդահամարին համապատասխան, Ուկրաինայում կա շուրջ 100 հազար հայ: Ոչ պաշտոնական
տվյալների համաձայն, Ուկրաինայի հայազգի քաղաքացիների թիվն անցնում է 350 հազարից:
Այսօր Ուկրաինայի հայերը լայնորեն ներկայացված են
պետական իշխանության բոլոր ճյուղերում, մասնավորապես, գործադիր և օրենսդիր
մարմիններում: Ուկրաինայում գործում են հայ համայնքի մի շարք հասարակական
կազմակերություններ (շուրջ 25 տարածաշրջանային ներկայացուցչություններ): Դրանք գրեթե բոլորը ներառված են Ուկրաինայի
հայերի միության կազմում (ՈւՀՄ), որը գլխավորում է Ուկրաինայի ժողովրդական
պատգամավոր Վիլեն Շատվորյանը: ՈւՀՄ գործունեությունը նպատակաուղղված է հայ
համայնքի անդամներին տարաբնույթ աջակցությանը և կենտրոնացված է հայ մշակույթի
ուսումնասիրմանն ու տարածմանը, որի պահպանմանը մեր պետությունը մեծ ուշադրություն
է տրամադրում: Ուկրաինայում գործում է Հայ առաքելական եկեղեցին, որի թեմական
կենտրոնը Լվովում է: Երկու տարի առաջ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները հայ
համայնքին Կիևում հողակտոր են հատկացրել Ուկրաինայում ամենամեծ հայկական տաճարի
կառուցման համար:
Ուկրաինան խնամքով է վերաբերվում հայ ժողովրդի
մշակութային ժառանգության պահպանմանը: Վերջին դրական օրինակներից մեկը Խմելնիցկի
մարզի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում Հայկական եկեղեցու վերականգնումն է:
Հայկական տարածաշրջանային համայնքները ներգրավվում են
կամավոր գործունեությունում, օգնելով զինծառայողներին, որոնք Դոնբասում մասնակցում
են Հակա-ահաբեկչական գործողությանը: Նրանք կազմակերպում են պարենի և դեղորայքի հավաքում
և առաքում արևելք: Օգոստոսի 19-ին Կիևի հայ համայնքը կազմակերպել էր դոնորական
արյան հանձնում զինվորական հոսպիտալում: Սրանք հայրենասիրության վառ օրինակներ են
և իրենց Հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ սիրո վկայություններ:
Տարեվերջին
Ուկրաինան նախատեսում է ստորագրել համաձայնագիր ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ: Նոր ռեժիմը Կիևին
կպարտավորեցնի խստացնել միգրացիոն օրենսդրությունը և հնարավոր է, վիզային ռեժիմ
կիրառել ԱՊՀ և Մաքսային միության երկրների հետ: Հաշվի առնելով Հայաստանից Ուկրաինա
համեմատաբար մեծ միգրացիոն հոսքերը` արդյո՞ք պետք է ակնկալել միգրացիոն հոսքի
էական նվազում և, որպես հետևանք, մեր երկրների քաղաքացիների միջև շփումների
կրճատում:
Օրենսդրական մակարդակով վիզային ռեժինի ազատականացումը
նախատեսված է Ուկրաինայի և Եվրամիության միջև ստորագրված ասոցացման համաձանագրով: Նշեմ,
որ այս տարվա մայիսին Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինայի
կողմից վիզաների ազատականացմանը նպատակաուղղված գործողությունների կատարման մասին
չորրորդ զեկույցին: Այդպիսով, Ուկրաինան անցել է Եվրամիության պահանջների կատարման
երկրորդ փուլին, որը ներառում է ազգային օրենսդրության հարմարեցում եվրոպական
ստանդարտներին, կենսաչափական անձնագրային փաստաթղթերի կիրառում և մի շարք այլ
օրենսդրական միջոցառումներ:
Ուկրաինայի կողմից Գործողությունների ծրագրի բոլոր
չափանիշների ապահովումից հետո Եվրոպական հանձնաժողովը, օրենսդրական ընթացակարգին
համապատասխան, Եվրոպական խորհրդարան և ԵՄ խորհուրդ առաջարկություն կներկայացնի
Ուկրաինայի քաղաքացիների (կենսաչափական անձնագրեր ունեցողների) կարճատև
ուղևորությունների համար վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ: Ըստ փորձագետների
կանխատեսումների, դա կարող է տեղի ունենալ արդեն 2015 թվականին:
Ընդ որում ցանկանում եմ նշել, որ Ուկրաինայի և ԵՄ միջև վիզային
ռեժիմի ազատականացումը ոչ մի դեպքում չի ազդի Ուկրաինայի և Հայաստանի միջև
ուղևորությունների ռեժիմի վրա: Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների միջև
ուղևորութունների առանց վիզայի ռեժիմը կմնա անփոփոխ, և ես վստահ եմ, որ մեր
երկրների քաղաքացիների միջև շփումները միայն կավելանան:
Մոտավորապես
2014 թվականի հոկտեմբերին պետք է կայանա Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական
համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստ: Այդ առնչությամբ արդյո՞ք
սահմանվել են նիստի անցկացման վերջնական ժամկետները, և ի՞նչ հարցեր է նախատեսվում
ներառել քննարկումների օրակարգում:
Դեսպանությունն աշխատում է միջկառավարական հանձնաժողովի
հերթական նիստի կազմակերպման ուղղությամբ: Վերջին ժամանակները մեր
հարաբերություններում շեշտադրում է կատարվում առևտրատնտեսական ուղղության վրա:
Միջկառավարական հանձնաժողովի ձևաչափը տրամադրում է
համապատասխան գործիքակազմ երկխոսության ընթացքում ծագող ցանկացած հարցի
պատասխանելու համար: Հանձնաժողովների նիստերի կանոնավոր անցկացումը
հնարավորություն է ընձեռում, գործնականում, իրագործել ձեռք բերված
պայմանավորվածությունները` ծրագրման և
վերահսկողության միջոցով:
Որպես կանոն, քննարկումների օրակարգն ընդգրկում է համագործակցություն
այնպիսի ոլորտներում, ինչպես` արդյունաբերությունը, էներգետիկան և
էներգա-արդյունավետությունը, ագրոարդյունաբերական համալիրը, տրանսպորտը,
շրջակա միջավայրի պահպանությունը,
քաղաքաշինությունը, հումանիտար և գիտատեխնիկական ոլորտները, միջտարածաշրջանային
համագործակցությունը, աջակցությունը փոքր և միջին ձեռներեցությանը, ինչպես նաև
երկկողմ համագործակցության պայմանագրաիրավական հիմքի զարգացումն ու
կատարելագործումը:
Արդյո՞ք
միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում կներառվի երկրների միջև
արտահանման-ներմուծման նոր ռեժիմի հարցը` Կիևի կողմից ասոցացման համաձայնագրի
ստորագրման և Հայաստանի կողմից մաքսային պայմանագրի առաջիկա ստորագրման
առնչությամբ:
Այո, իհարկե, այդ թեմատիկան հիմնականներից մեկն է
միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում: Եթե խոսելու լինենք
առարկայականորեն, ապա, հաշվի առնելով նոր իրողությունները, որոշակի ռիսկեր կարող
են ի հայտ գալ երկկողմ առևտրում: Սակայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական
և գործարար միջավայրի ներկայացուցիչների
հետ հանդիպումները բավականին լավատեսական էին այդ համատեքսռտում, հատկապես, հաշվի
առնելով այն փաստը, որ մեր միջև գործում է ազատ առևտրի շուրջ պայմանագիր:
Ուկրաինան
առաջվա նման շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերը նախկին ԽՍՀՄ տարածքում: 2014 թվականի առաջին
կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 109 մլն 382.0
հազար դոլար: Արդյո՞ք նախատեսվում է ավելացնել այդ ցուցանիշն ընթացիկ տարվա
արդյունքներով կամ, հակառակը, քաղաքական բազմավեկտորայնությունը կհանգեցնի
առևտրատնտեսական գործընկերության կրճատման:
Ես նույնպես նշեմ մի քանի թիվ. 2014 թվականի
հունվար-մայիս ամիսներին Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև
ապրանքաշրջանառությունը (ապրանքներ և ծառայություններ) կազմալ է 76,17 մլն ԱՄՆ
դոլար և 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,42 մլն ԱՄՆ
դոլարով կամ 5,5 տոկոսով:
Հաշվի առնելով 2014 թվականի առաջին կիսամյակում դիտվող
միտումը` դժվար է ապրանքաշրջանառության աճ կանխատեսել երկրորդ կիսամյակի համար:
Սակայն մենք ձգտում ենք ուկրաինական արտադրանք արտահանող ընկերություններին
շահագրգռել հայկական շուկա մատակարարումների ավելացմամբ: Կան ոչ անհիմն
ակնկալիքներ, որ ուկրաինական պարենային խմբի սպեկտրն արդեն մոտակա ժամանակ
կընդլայնվի:
Երկրի արևելքում առկա իրավիճակի Ձեր մեկնաբանությունը
և կարգավորման վերաբերյալ հնարավոր կանխատեսումը:
Ամենից առաջ, ես կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինան
խաղաղասեր պետություն է: Ուկրաինան միշտ գնացել է հաշտության բանակցությունների, և
այժմ դրանք համարում է գերակայուն` իրավիճակի կարգավորման գործում:
Դուք, ամենայն հավանականությամբ հիշում եք, որ հունիսի
20-ին նախագահ Պ.Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի հարավային տարածաշրջաններում
իրավիճակի կարգավորման խաղաղ ծրագիր` բաղկացած 15 կետից:
Օգոստոսի 26-ին Մինսկում կկայանա
Ուկրաինա-ԵՄ-«Եվրասիական եռյակ» (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան) ձևաչափով
հանդիպում` Ուկրաինայի և և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի կատարմանը, էներգետիկ
անվտանգությանն ու Դոնբասում իրավիճակի
կայունացմանն առնչվող հարցեր քննարկելու համար:
Իսկ իրավիճակը Դոնբասում չափազանց բարդ է: Մեզ
պարտադրված պատերազմի պայմաններում այն չի կարող այլ լինել: Ընթանում է այդ
արդյունաբերական տարածաշրջանի ենթակառուցվածքի միտումնավոր ոչնչացում: Աճում է
խաղաղ բնակչության շրջանոմ զոհերի և փախստականների թիվը:
Միևնույն ժամանակ ուկրաինական բանակն աստիճանաբար կրճատում է գրոհայինների կողմից վերահսկվող տարածքը: Գործնականում, յուրաքանչյուր օր ազատագրվում է մի քանի բնակավայր, ուր վերադառնում է խաղաղ կյանքը: Վերսկսվում է պետական հաստատությունների, ձեռնարկությունների աշխատանքը, արագացվում նոր ուսումնական տարվան դպրոցների նախապատրաստումը, որոնցից շատերն ահաբեկիչների կողմից ականապատվել էին: Գրոհայիններն օգտագործում են պատերազմի տարբեր նողկալի միջ0ոցներ: Խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան, գնդակոծում են բնակելի թաղամասերը` ուկրաինական բանակին վարկաբեկելու նպատակով, աշխատում են պատկեր ապահովել որոշ անմաքուր ԶԼՄ-ների համար: Նման գործողություններն, սթափեցնում են մեր այն քաղաքացիներից շատերին, որոնք տեղի էին տվել քարոզչությանը, և, զղջալով, այժմ
նրանք անցնում են ուկրաինական բանակի կողմը:
Ինչպիսի՞ն
է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին առնչվող իրավիճակը:
Դա հնչեղ գործ է, որն ուշադրություն է գրավել ոչ միայն
Ուկրաինայի հասարակայնության, այլև ողջ աշխարհի հանրության շրջանում: Ուկրաինան
բազմիցս դիմել է ռուսական կողմին, խնդրելով միջոցներ ձեռնարկել Նադեժդա Սավչենկոյի
կալանքից անվերապահորեն ազատելու և ամենամոտ ժամանակները Հայրենիք վերադարձնելու
նպատակով: Ցավոք սրտի, վերջին ժամանակներս մեր հարևանի հետ փոխհարաբերություններում
մենք բախվում են թյուրըմբռնման պատի:
Ուկրաինայի ղեկավարությունը հնարավորինը կանի միանգամայն
անմեղ մարդու շուտափույթ ազատման և հայրենիք վերադարձման համար: Հայաստանի
Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը երախտապարտ է Հայաստանի
քաղաքացիական հասարակությանը և ՀՀ այն քաղաքացիներին,
ովքեր անտարբեր չեն Նադեժդա Սավչենկոյի ճակատագրի նկատմամբ` ըմբռնման և
զորակցության համար:
Օգոստոսի
24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը: Ի՞նչ կցանկանայիք ասել այդ տոնի նախաշեմին:
Անկախության 23 տարին կարևոր պատմական պահ է Ուկրինայի
համար: Օգտվելով առիթից` ես կցանկանայի այդ տոնի առթիվ շնորհավորել Ուկրաինայի
բոլոր քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես գտնվում են կամ ապրում են Հայաստանում,
և մեզ բոլոիս մաղթել խաղաղություն և բարեկեցություն:
Պարոն
դեսպան, շնորհակություն հետաքրքիր զրույցի համար