ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի առկայությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում Ուորլիքը գրել էր, որ ղարաբաղյան ԶՈւ ուղղաթիռը խփվել է զինված ուժերը բաժանող ՙոչ մեկի հողում՚, այլ ոչ թե`չեզոք տարածքում:
Իսկ Բաբայանը գտնում է, որ ՙոչ մեկի հողը՚, չեզոք գոտին գործնականում նույնական հասկացություններ են: ՙԳրեթե ցանկացած պետության սահմանների երկայնքով գոյություն ունեն, այսպես կոչված, չեզոք գոտիներ: Տվյալ դեպքում դա հարկավոր է գնահատել որպես փաստի հաստատում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, և դա իրականում այդպես է՚,- ասել է Բաբայանը:
Այն հարցին, թե ինչպես է նա գնահատում ուղղաթիռի բեկորներին մոտենալու խնդրի լուծման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի արդյունավետությունը`Բաբայանը համոզմունք է հայտնել, որ կառույցն ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, նույնը կարելի է ասել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասին: Նշենք, որ շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ վերջին ժամանակներս խիստ քննադատության են ենթարկել ԵԱՀԿ ՄԽ-ին`մեղադրելով վերջինիս խոցված ուղղաթիռի օդաչուների աճյունները վերադարձնելու հարցում անգործության մեջ:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ադրբեջանը շարունակում է կրակահերթի տակ պահել ուղղաթիռի անկման վայրը`թույլ չտակով մոտենալ վերջինիս բեկորներին: