Խորհրդարանական ընդդիմության այսօրվա պահվածքը, որը
պահանջում է ընդհատել ԱԺ արտահերթ նիստի օրակարգը և նոր նիստ սկսել` վերջին
բռնությունների հարցը խորհրդարանում քննարկելու համար, մի կողմից բնական է, մյուս
կողմից` մի քիչ դրամատիկ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ
փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Փոխխոսնակը հիշեցրել է, որ ընդդիմադիրների ծեծին առնչվող
միջադեպերից անմիջապես հետո ՀՀԿ-ն դատապարտել է ստեղծված իրավիճակը, իսկ անձամբ
ինքը իրավապահներին կոչ է արել ամենասեղմ ժամկետներում հայտնաբերել
հանցագործներին: «Ոստիկանությունն արդեն պարզել է հարձակվողի անձը, իսկ հարցն
արդեն իրավական հարթությունում է», - հայտարարել է Շարմազանովը, ընդսմին
ընդգծելով, արտահերթ նիստն ընդհատելու և այլ օրակարգով նոր նիստ սկսելու
ընդդիմության պահանջը ԱԺ կանոնակարգի խախտում է :
Նրա ասելով, ընդդիմադիր պատգամավորները շատ լավ
գիտակցում են, որ իրենց պահանջն անօրինական է, այդուհանդերձ, նրանք պահանջում են
փոխել ԱԺ օրակարգը: «Դա նշանկաում է, որ ընդդիմադիր խմբակցությունները, պարզապես,
քաղաքական շոու են սարքել: Կամ էլ` նրանց, պարզապես, առիթ էր պետք, որպեսզի
չաշխատեն», - նշել է Շարմազանովը:
Նշենք, որ վերջին օրերին հրկիզվել են ընդդիմադիր
«Նախախորհրդարանի» ներկայացուցիչների մեքենաներ, հարձակումներ են իրականացվել
Ղարաբաղյան պատերազմի երեք մասնակիցների նկատմամբ, որոնք քննադատում են
իշխանություններին, օրերս նաև ծեծի է ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ
Մանուկյանը, իսկ մեկ օր անց` նրա կուսակից Աշոտ Փիլիպոսյանը: Վերջին երկու
դեպքերում մեղավոր անձերը պարզվել են: Մասնավորապես, Արամ Մանուկյանի վրա
հարձակվել է հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի նախկին վարորդ Արշակ
Սվազյանը, սակայն ինքը` Մովսիսյանը, հերքում է իր մասնակցությունն այդ
հանցագործությանը:
Իսկ
այսօր ոչ իշխանական խորհրդարանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը,
«Ժառանգությունը», ԲՀԿ-ն բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը` պահանջելով փոխել
օրակարգն ու քննարկել եկրում ստեղծված իրավիճակը; Նրանց չի միացել ՀՅԴ-ն` բոյկոտը
համարելով աննպատակահարմար: Կառավարող ՀՀԿ-ն տեղի չի տվել բոյկոտողներին: