Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հայտարարել է, որ նա՝ միայնակ կամ համախոհների հետ, Շահումյանի շրջանի հատվածով 1998, 2005 և 2007 թվականներին պարբերաբար հատել էր ԼՂՀ պետական սահմանը։Այդ մասին հայտնում է Արցախպրեսը:
Նրա խոսքով, այդ քայլին դիմել էր, քանի որ Շահումյանում շրջանում են գտնվում իր հարազատների գերեզմանները։ Անդրադառնալով այս տարվա ամռանը Շահբազ Գուլիևի և Հասան Հասանովի հետ սահմանը հատելու հանգամանքին` նա նշել է, որ խմբի նպատակը սկզբում եղել է Շահումյանի շրջանում ինչ-որ տեղ թաքցված ոսկին գտնելը և հարազատների գերեզմաններին այցելելը։ Ասկերովի խոսքով, երբ արդեն գտնվում էին ԼՂՀ տարածքում նրանք տեսախցիկով պարբերաբար նկարահանումներ էին կատարում։ Ավելի ուշ, Ասկերովի հավաստմամբ, հասկացել է, որ խմբի անդամ Հասանովը հանդիսանում է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Իր և Հասանովի կողմից տեսախցիկով կատարած նկարահանումների վերաբերյալ հարցին, Դ. Ասկերովը բացատրել է, թե իբր ցանկացել են հետագայում այն ցուցադրել իրենց ապագա սրճարանում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են իրենք իրենց հետ վերցրել անչափահաս Սմբատ Ցականյանին` Ասկերովը հայտարարել է, որ գիտի միայն անտառային և լեռնային ճանապարհները, իսկ պատանին կարող էր իրենց օգնել: Ըստ որում, Ասկերովը հերքում է Ցականյանի սպանությանը մասնակցությունը` մեղքը բարդելով հետախուզական-դիվերսիոն խմբի սպանված անդամ Հասան Հասանովի վրա:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի մեկ այլ անդամ Շահբազ Գուլիևը ևս ցուցմունք է տվել, ըստ որի` ինքը նույնպես ներկա չի գտնվել Ցականյանի սպանության ժամանակ: