Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է,
ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված «Նախախորհրդարանի»
հայտարարությունում:
«Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը: Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է` Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը», - նշվում է հայտարարությունում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձևավորելու համար: Մասնավորապես` հարկ կլինի
մասնագետներ ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի
մշակման համար,
Հայաստանում և արտերկրի գաղթօջախներում ձևավորել ցանցային
կառույց` իր գրասենյակներով, ստեղծել և գործադրել տեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվական գործունեություն և այլն),
ապահովել հալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանությունը, ձևավորել վարչախմբի հեռացման և դրանից հետո պետության կառավարման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին`
այլընտրանքային յուրային խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը և գործունեությունը:
«Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը», - ասվում է հայտարարությունում: