Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում, ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում:
Իր ելույթում ակադեմիկոսը բացասական գնահատական է տվել Սևանից ջրի բացթողումների առավելագույն չափաքանակի ավելացմանը`նշելով, որ ապագայում քաղցրահամ ջուրն ավելի թանկ կլինի, քան նավթը: Նրա խոսքով, ոռոգման համակարգի անկատարության պատճառով Սևանի ջրի միայն 20-30%-ն է գնում մեր հողերի ոռոգմանը, մնացած ջուրը գնում է Նախիջևան:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը` Սարգսյանը նշել է, որ իրականում մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում: Ինչպես նշվել է, չի կարելի պահանջել, որպեսզի Արարատյան դաշտավայրը մնա առանց ջրի և բերքի` բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով: Ըստ որում, նախագահն ընդգծել է, որ ռեսուրսներն անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել` մտածելով ապագա սերունդների մասին: Սևանից բացթողումների ավելացումը հիմնավորվում է Արարատյան դաշտավայրում ջրի պակասով, որտեղ ստորգետնյա հորիզոններն իջել են մի քանի մետրով` ձկնային տնտեսությունների ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու պատճառով: Ստեղծված իրավիճակը համակարգելու նպատակով այս տարի որոշվել է Սևանից բացթողումների առավելագույն չափաքանակն ավելացնել 170 մլն խմ-ից մինչև 240 մլն խմ` 5 տարի ժամկետով: