Թուրքիայի
վարչապետ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական և կատարելագործված դրսևորում
է: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այդպիսի կարծիք է հայտնել
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն
է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարի
սկզբի իրադարձություններ»:
«Ես սա
ասում եմ ափսոսանքով, հաշվի առնելով, որ մենք ուշադիր ծանոթացել ենք այդ
հայտարարությանը, զուր ակնկալելով դրանում տեսնել մեր ընդհանուր պատմության հետ
առերեսման առաջին փորձը: Էրդողանի հայտարարությունում մենք տեսանք, գործնականում,
վերջին տարիներին թուրքական քարոզչամեքենայի պարունակած բոլոր թեզիսները, որը
փորձում է զոհին և դահճին ներկայացնել նույն իրավական հարթությունում: Մինչդեռ
իրականությունը Թուրքիայից պահանջում է բացառապես մեկ բան` Հայոց ցեղասպանության
փաստի ճանաչում և այդ հարթությունում հանցագործությունների անկեղծ դատապարտում», - հայտարարել է Սարգսյանը: