Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը ՙԺառանգություն՚ կուսակցությունը գնահատում է որպես ՙվերեւից՚ իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության եւ ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը: Այդ մասին ասվում է ՙԺառանգություն՚ կուսակցության` ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙՀետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ են, որոնց շուտափույթ հաղթահարումը օրվա հրամայականն է: Քաղաքական բանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի եւ այլակարծիք մյուս քաղաքացիների հետապնդումները, որոնք թելադրված են մեր պետության անվան տակ գործող իշխանության կողմից, ոչ այլ ինչ են, քան թշնամական բռնարարք հայ ժողովրդի եւ նրա շահերի դեմ:
Անկախ նրանից, թե որ պետությունում են մեր հայրենակիցները հետապնդվել ու դատապարտվել այլախոհության համար կամ քաղաքական դրդապատճառներով, մենք պարտավոր ենք պաշտպանել ԱՄՆ-ում՝ Համբիկ Սասունյանի, Թուրքիայում՝ Հրանտ Դինքի, Սեւան Նշանյանի, Սեւակ Բալըքչիի, Վրաստանում՝ Վահագն Չախալյանի, ՌԴ-ում՝ Լեւոն Հայրապետյանի իրավունքները՝ իբրեւ ազգային շահերից բխող կարեւոր հանձնառություն:
ՙԺառանգություն՚ կուսակցությունը համարում է, որ հայազգի քաղաքացիների հանդեպ վերոնշյալ հալածանքները Հայոց պետական իշխանության բացակայության վկայություն են, եւ կոչ է անում մեր ժողովրդի զավակներին՝ համախմբվելով ազգային դրոշի ներքո, լծվել ազատ ու իրավատեր պետականության ստեղծման նվիրական առաքելությանը՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանին: Ավետիսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը` հավաստելով, որ իշխանություններն ուղղակի փորձում են պատժել իրեն անցած տարի կազմակերպված բողոքի ակցիաների համար:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի` Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: