Ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունների ՙքառյակի՚ համատեղ հանրահավաքը չէր կարող շրջանցել սահմանադրական բարեփոխումների հարցը, որի առնչությամբ ՀՅԴ-ն և մնացած երեք խմբակցությունները տարաձայնություններ ունեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, Դաշնակցությունը հրաժարվել է մասնակցել հանրահավաքին, որպեսզի չխանգարի դրա անցկացմանը: ՙՍահմանադրական բարեռփոխումների հարցում մեր մոտեցումները տարբերվում են, սակայն մենք չենք դադարեցնում համագործակցությունը այդ ձևաչափում: Ավելին, ՙքառյակը՚ համատեղ պետք է բազմաթիվ խնդիրներ լուծի՚,- ասել է Ռուստամյանը:
Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք կուսակցությունը մոտ ժամանակներս կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ`Ռուստամյանը հիշեցրել է, որ ավելի վաղ իրենք 7 կետից բաղկացած առաջարկներ են ներկայացրել իշխանություններին, որոնք չկատարելու դեպքում ՀՅԴ-ն կոալիցիայի մաս չի կազմի: Կետերից մեկը ենթադրում էր անցում կառավարման խորհրդարանական համակարգի: