ԼՂՀ
իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի
դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել
Հ.Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների,
պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների,
պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին
տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած
հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված
դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի
ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան
որոշում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք,
որ ՊԲ կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի
դիվերսիոն խումբը ժամանակից շուտ բացահայտվել էր, որոից մի մասը գերի էր վերցվել,
իսկ մյուսները փախել էին: Համաձայն ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, գերիների թվում էին
Գյուլին Շահբազ Ջալալողլուն (1968թ.ծնվ.) և Դիլհամ Գարդաշխանը (1960թ.ծնվ.):