Հայաստանի
հարավում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի բացումով Lydian International ընկերությունը կկարողանա փոխել
լեռնահումքային արդյունաբերության շուրջ հանրապետությունում ձևավորված վատ
համբավը: Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է
ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը (Howard
Stevenson):
Նրա խոսքով, Հայաստանում
լեռնահումքային արդյունաբերության շուրջ բացասական կարծիը ձևավորվել է անցյալի
ժառանգության, ինչպես նաև բնապահպանական նորմերը պատշաճ կերպով չպահպանելու
հետևանքով: Արդյունքում, մարդիկ արդարացի մտահոգություն ունեն հանքավայրերի
շահագործման վատ փորձերից, պարզաբանել է Սթիվենսոնը: Նա նշել է, որ Lydian International ընկերությունն
ակտիվորեն համագործակցում է Ամուլսարին մոտ գտնվող համայնքների բնակչության հետ, և
մարդիկ հիմնականում աջակցում են ընկերությանը: «Մենք կարող ենք փոխել ժողովրդի մեջ
ձևավորված վատ համբավը: Ամուլսարի նախագիծը նոր տեխնոլոգիաներ է բերում Հայաստան,
որոնք դեռ չեն կիրառվում հանրապետությունում, և որոնք ավելի անվտանգ են շրջակա
միջավայրի վրա ունեցած ազդեցության առումով»,-ասել է Հովարդ Սթիվենսոնը: Նա
պարզաբանել է, որ ոսկու արդյունահանման ընթացքում ընկերությունը մտադիր է կիրառել
կույտային տարալվացման տեխնոլոգիան, իսկ դա նշանակում է, որ դեպի մթնոլորտն ու
ջուրն արդյունաբերական նետումները կլինեն զրոյական, պոչամբարների բացակայությամբ:
Ընկերության
ղեկավարը պատմել է, որ ինքը ողջ աշխարհում մասնակցել է զանազան լեռնահումքային
ծրագրերի, որոնք իրականացվել են այնպես, որ մարդկանց մեջ բացասական կարծիքներ չեն
ձևավորվել: Ամուլսարի նախագծին ներգրավված են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և Զարգացման
Եվրոպական բանկը (EBRD), որոնք ունենք բնապահպանական շատ խիստ պահանջներ, և որոնց
հետևոմ է Lydian International ընկերությունը, ասել է Սթիվենսոնը:
Lydian International ընկերությունը
հանդիսանում է Գեոթիմ ՓԲԸ
միակ բաժնետերը, որը լայնամասշտաբ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ է իրականացնում
2006թ-ից և ինքն էլ ձեռնամուխ կլինի հանքավայրի շահագործմանը: Դա ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում հայտնաբերված
ոսկու միակ հանքավայրն է:
Lydian International ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են
Տորոնտոի ֆոնդային բորսայում: Ընկերության բաժնետերերն են`EBRD և IFC, որոնց
մասնաբաժիններն ընկերության կապիտալում կազմում է 6,9-ական տոկոս: