2015 թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ ՙԺառանգությունից՚ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցման հնարավոր հետևանքների մասին:
ՙՄեզ շատ հետաքրքիր է, թե բյուջեի նախագծում որքանով են հաշվի առնվել հնարավոր ֆինանսական հետևանքները ԵԱՏՄ-ին անդամակցության դեպքում: Որպես ռուսական տնտեսության հետ սերտորեն կապված երկիր`Հայաստանը չի կարող զերծ մնալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքներից՚,- ասել է Փոստանջյանը:
Ի պատասխան`Սաֆարյանը նշել է, որ իրավական տեսակետից բյուջեն չէր կարող կազմվել`հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հետևանքները, քանի որ հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագիծը մշակելիս հանրապետությունն այդ կառույցի անդամ չէր: ՙԱյնուամենայնիվ, կարծում ենք, որ ֆինանսական ցուցանիշների վրա ազդեցություն, գների աճ, այնուամենայնիվ, կլինեն: Մեր մասնագետները ներկայումս ուսումնասիրում են բոլոր գործոնները և հետևանքները: Կարծում եմ`արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին խորհրդարանական առաջին նստաշրջանի ժամանակ՚,- հայտարարել է Սաֆարյանը: