Վարչապետ
Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ
էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել
նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին
համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն
ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման
գործում: «Գտնում
եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է
կառավարությունում և Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու
գիտելիքները կօգնեն մեր երկրի առջև
ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջև դրված խնդիրները հստակ
են, և նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են:
Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի,
տնտեսության առջև ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ
Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Կարեն Ճշմարիտյանին նոր
պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք: