Պրն.Անդրեասյան,
կցանկանայի զրույցն սկսել մեր երկրի համար կարևորագույն ոլորտներից, մասնավորապես,
գյուղատնտեսության ոլորտից և ագրոբիզնեսից, որտեղ Ձեր կողմից ղեկավարվող բանկը
միշտ գտնվում է ամենաառաջատար դիրքերում: Պետությունը նույնպես այդ ոլորտին
հսկայական ուշադրություն է դարձնում, իրականացնելով ագրոհատվածի աջակցմանն ուղղված
կառավարական ծրագրեր, որոնց ակտիվորեն մասնակցում է ձեր բանկը: Բայց ոչ բոլոր
բանկերն են հետևում ձեր օրինակին, ինչը խոսում է ագրովարկավորման ոլորտում լուրջ
ռիսկերի առկայության մասին: Ինչպիսի՞ ռիսկեր կան այսօր այդ շուկայում: Ինչպե՞ս եք
դիմակայում այդ ռիսկերին, և ինչպիսի՞ գործիքներով եք դրանք նվազեցնում: Չէ՞ որ
երկրում մինչ օրս զարգացած չէ, օրինակ, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը, ոչ
բավարար արդյունավետությամբ է գործում նաև հակակարկտային համակարգը, իսկ
ֆերմերները շարունակում են կրել եղանակի պատճառով առաջացած վնասները:
ACBA-Credit Agricole Bank-ն
իր գործունեության առաջին օրից, արդեն 16 ռարի, ակտիվորեն վարկավորում է
գյուղատնտեսության ոլորտը, իսկ բանկի ստեղծումն, ընդհանրապես, ի սկզբանե,
նպատակաուղղված էր հատկապես սոցիալ-տնտեսական այդ առաքելության իրականացմանը:
Անցած տարիներին բանկը հսկայական փորձ կուտակեց այդ հատվածում: Գտնում եմ, որ
ցանկացած բանկ ուժեղ է իր կադրերով և հաճախորդներով: Եթե հաշվի առնենք, որ ի
սկզբանե մեր հաճախորդներն էին իրենք, ֆերմերները, իսկ մեզ մոտ աշխատում էին
ագրոհատվածի վարկավորման լավագույն մասնագետներն ու վերլուծաբանները, ապա անկասկած
է, որ մենք ունենք երկու կարևորագույն առավելություն, արդյունավետ գործունեության
համար երկու անփոխարինելի բաղադրիչ: Այդ առավելությունները մեզ հնարավորություն
տվեցին մշտապես պահպանել առաջատարի դերն ագրովարկավորման շուկայում: Այսպես, 2014
թվականի առաջին կիսամյակում բանկի վարկային պորտֆելն ավելացավ 13 մլրդ.դրամով,
հասնելով 176 մլրդ.դրամի, որի կառուցվածքում ագրովարկերի մասնաբաժինն ավելացավ 40
տոկոսով, տարեսկզբի 32 տոկոսի համեմատ:
Այդ աճը պայմանավորված էր մի շարք գործոններով: Առաջին
հերթին, մեր բանկն այդ աճն ապահովեց իր ռազմավարության շնորհիվ: Ստեղծված
իրավիճակը հերթական անգամ ապացուցեց, որ մենք պետք է հետևողական լինենք մեզ համար
կարևորագույն ուղղություն հանդիսացող՝ ագրովարկավորման ոլորտում, շարունակելով մեծացնել
մեր մասնաբաժինն այդ հատվածում: Մանավանդ, որ մեր այդ ցանկությունն աջակցվում է նաև
կառավարության կողմից:Առաջին պետական ծրագրի շրջանակներում, որի իրականացումն
սկսվեց ավելի քան 3 տարի առաջ, կառավարությունն իր վրա վերցրեց գյուղատնտեսական
վարկավորման տոկոսադրույքները սուբսիդավորելու բեռը: Այդ ծրագրի շրջանակներում
նախատեսվում է գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրմանն ուղղել տարեկան 15
մլրդ.դրամ: Վարկերը տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են տարեկան 14 տոկոս
տոկոսադրույքով, որտեղ 4-ից մինչև 6 տոկոսը, կախված գյուղական համայնքի գտնվելու
վայրից, սուբսիդավորում է պետությունը: Ծրագիրը ֆերմերային տնտեսություններին
թույլ է տալիս ստանալ ավելի էժան վարկեր: Գաղտնիք չէ, որ չնայած այդ գործիքները
մատչելի են նաև շուկայի մյուս մասնակիցներին, բայց առյուծի բաժինը պատկանում է ACBA-Credit Agricole Bank-ին, որը տարեկան տրամադրում
է ավելի քան 14 մլրդ.դրամի ագրովարկեր: Մնացածը տրամադրում են ծրագրին մասնակից
մյուս բանկերը: Նշեմ նաև, որ ընթացիկ տարում բանկն իր սեփական ռեսուրսների հաշվին
նվազեցրեց դրամային վարկերի տոկոսադրույքները, ապահովելով դրանց ավելի շատ մատչելիությունը:
Շատ
բանկեր բողոքում են ֆերմերային տնտեսությունների վարկավորման ընթացքում գոյություն
ունեցող բարձր ռիսկերից, այդ թվում նաև արտարժոււթով ռիսկերից, չէ՞ որ շատերն են
ստիպված լինում միջոցները ներգրավել արտարժույթով:
Այո, անկասկած, արտարժութային ռիսկերը, ըստ էության,
բանկերի համար ամենակարևորներից են, քանի որ ներգրավված միջոցների հիմնական մասը,
այդ թվում նաև միջազգային դոնորական կազմակերպություններից ներգրավված նմիջոցները,
տրամադրվում են արտարժույթով: Մեր բանկը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց դրամային
ռեսուրսներ փնտրելու ուղղությամբ, ինչպես նաև հեջավորեց տարբեր միջազգային
կազմակերպություններից ներգրավված արտարժութային ռիսկերի մի մասը: Դրանով մենք
փորձում ենք ֆերմերին պաշտպանել նրա բիզնեսի համար անսովոր զանազան ռիսկերից,
առաջին հերթին մեր մարժայի նվազեցման հաշվին, քանի որ հասկանալի է, որ հեջավորումը
բարձրացնում է ռեսուրսների արժեքը՝բանկի տոկոսային ծախսերի աճի հաշվին: Բայց մենք
գնացինք այդ քայլին, որպեսզի արտարժութային ռիսկերը հանենք մեր վարկառուների
վրայից, ռիսկերի էժանացման և նվազեցման հաշվին թեթևացնելով նրանց մուտքը դեպի
ռեսուրսներ: Ընթացիկ տարում մենք մեր հաճախորդներին տրամադրել ենք ավելի քան 3
մլրդ.դրամի վարկեր, ավելի ցածր՝ 14 տոկոս տոկոսադրույքով: Նախկինում վարկերը
տրամադրում էինք 15 տոկոսով: Դրամական այդ ռեսուրսները բանկն ստացել է գերմանական KfW
բանկից հայ-գերմանական ֆոնդի (GAF) ծրագրերի շրջանակներում: Ճիշտ է, նման
միջոցների բանկը տիրապետում էր նաև անցյալ տարի, բայց այն ժամանակ մենք, զանազան
պատճառներով, չկարողացանք դրանք ակտիվորեն տեղաբաշխել:
Այդ
միջոցները նպատակայի՞ն էին:
Այո, անկասկած, այդ միջոցներն ուղղված էին հենց
գյուղատնտեսության վարկավորմանը: Կարևոր է, որ դրանք կրում են միջնաժամկետ և
երկարաժամկետ բնույթ, որոնց հաշվին տրամադրվում են ինչպես մանր, այնպես էլ խոշոր
վարկեր: Կարճաժամկետ վարկերը հիմնականում ուղղվեցին ֆերմերների շրջանառու
միջոցների համալրմանը, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերը հիմնականում կրում
են ներդումային բնույթ և ուղղված են ագրոբիզնեսի ծրագրերի իրականացմանը:
Հետաքրքիր
կլիներ Ձեզնից լսել գյուղի ներդրումային ակտիվության գնահատականների մասին, որքա՞ն
միջոցներ են ուղղվել ներդրումային վարկերին:
Ցավոք, պետք է ընդունենք, որ վերջին տարիներին ներդրումային
վարկերի ծավալները կրճատվել են: Մի քանի տարի առաջ նկատվում էր բարձր ակտիվություն
և այդ վարկերի նկատմամբ բարձր պահանջարկ: Այդ պահանջարկի մեծ մասը մենք կարողացանք
հաջողությամբ բավարարարել, օգտագործելով զանազան, այդ թվում նաև սեփական
ռեսուրսները: Մյուս բանկերն էլ էին ակտիվ: Այժմ ես դժվարանում եմ ասել, թե
ինչպիսին է ծավալը, բայց այն կազմում է ագրովարկերի պորտֆելի մոտ 10 տոկոսը: Ավելի
վաղ, երբ ընթանում էր նոր այգիների ակտիվ տունկը, ինչպես նաընդլայնվում էր
ջերմոցային տնտեսությունների շինարարությունը, մեր ագրարային պորտֆելի մոտ 15
տոկոսը կազմում էին միջնաժամկետ և երկարաժամկետ ներդրումային վարկերը:
Կարելի՞
է արդյոք ասել, որ ագրոբիզնեսը երկրում, պատկերավոր ասած, մեռավ սպասելով:
Ես կասեի, որ դա համաշարհային ընդհանուր պրոբլեմ է: Նման
իրավիճակ դիտվում է թե Ռուսաստանում, և թե Եվրոպայում: Ռուսաստանում, ընդհանրապես,
տեղի են ունենում երևույթներ, որոնք ուղղակիորեն են ազդում մեզ վրա: Օրինակ, եթե
հիշում եք, տարեսկզբին այնտեղ քննարկում էին աշխատանքային միգրանտների հարցը:
Այժմ, թվում է, որ մեր հայրենակիցների գծով այդ հարցը վերանայվել է, սակայն, այն
ժամանակ շատերը, որոնք, ի դեպ, Ռուսաստանում ունեին կայուն ամսական եկամուտ,
ստիպված էին վերադառնալ ետ: Իսկ նրանց կողմից հայրենիք ուղարկվող դրամական
փոխանցումները հաճախ հանդիսանում էին գյուղական բնակավայրերի մեր շատ հաճախորդների
հիմական եկամուտը:
Այդ
միջոցները, ինչպես ես եմ հասկանում, ձևավորո՞ւմ են արդյոք պահանջարկ՝ այդ թվում
բանկային ծառայությունների և լրացուցիչ ֆինանսավորման նկատմամբ:
Այո, եթե հաճախորդը վճարունակ է, եթե նա սիստեմատիկորեն
գումարներ է ստանում, մենք նրան սպասարկում ենք: Ուզում եմ նշել, որ այսօր
Հայաստանի ագրոբիզնեսի առջև բարենպաստ հեռանկարներ են բացվում Ռուսաստանի
գյուղատնտեսական ապրանքների ու պարենի շուկաներում իր կորցրած դիրքերը
վերականգնելու առումով: Այսպես թե այնպես, բայց նշեմ, որ մենք ակտիվորեն մշակում և
արդեն ձեռնամուխ ենք եղել ագրովարկավորման շուկա նոր պրոդուկտներ դուրս բերելուն:
Մասնավորապես, մենք մտադիր ենք նոր տեխնոլոգիաներ ներդնել գյուղատնտեսության
ոլորտում, որը թույլ կտա կրճատել ֆերմերական տնտեսությունների ծախսերը: Եղած տեխնոլոգիաները,
ինչպես հայտնի է, շատ ծախսատար են: Բազմաթիվ երկրներում ներդրված են շատ ավելի
տնտեսող տեխնոլոգիաներ: Մեզ համար լավ օրինակ է Իսրայելը, որտեղ, փաստորեն,
անապատի մեջ հիմնվել է հզոր գյուղատնտեսական ոլորտ, որը բավարարում է ներքին
պահանջարկը, ինչպես նաև թույլ է տալիս փորձարկել այդ ապրանքները բազմաթիվ
երկրներում:
Այո,
ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, Իսրայելը Հայաստանի համար մեծ թեմա է, և բազմաթիվ
վերլուծաբաններ չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ ամենն այնտեղ հնարավոր,
իսկ մեզ մոտ՝ոչ:
Ահա օրինակը: Մեր բանկը իսրայելական մի ընկերությունից
առաջարկ է ստացել Հայաստանում ոռոգման նոր համակարգ ներդնելու համար: Խոսքը գնում
է կաթիլային ոռոգման համակարգի մասին: Այդ ընկերությունը հանդիսանում է նման
համակարգեր արտադրող: Մեզ, մասնավորապես, առաջարկեցին Հայաստանում գտնել այդպիսի
մի տնտեսություն, քանի որ նրանք հետազոտել ու պարզել էին, որ այդ համակարգը կարող
է արդյունավետորեն գործել մեր երկրում: Այնպես որ, առաջարկը դեռ մնում է ուժի մեջ,
և անհրաժեշտության դեպքում բանկը պատրաստ է ֆինանսավորել նման նախագծերը:
Կարծում եմ, որ աշունը շատ հարմար ժամանակ է նման վարկային
պրոդուկտները շուկա դուրս բերելու համար, քանի որ աշնանը հաճախորդներն ավելի
ակտիվորեն են բանկից վարկեր վերցնում, իսկ ամռանը դիտվում է դրանց մարման
ակտիվությունը:
Հարցազրույցի
շարունակությունը կարդացեք սեպտեմբերի 20-ին, ԱրմԻնֆո-ի կայքում: