2014 թ. Հայաստանը կրճատել է անմշակ ալմաստների ներմուծումը`հիմնականում Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:
Նրա խոսքով, հայկական երեսակման ձեռնարկությունները 2014 թ. 10 ամիսներին 38 հազար կարատ անմշակ ալմաստ են գնել Ռուսաստանից: Անցած ողջ տարում գնվել է 96 հազար
կարատ: Ալմաստների մի մասը գնվել է ՌԴ ՙՊետական գանձարանից՚, բայց հիմնականում դրանք ՙԱլռոսա՚ ընկերության ալմաստներն են՚,- ասել է Եգանյանը:
Նա նշել է, որ այս տարվա հունիսից, ստորագրված միջկառավարական համաձայնագրի համաձայն, Ռուսաստանը վերացրել է Հայաստան արտահանման նպատակով անմշակ ալմաստների համար 6,5% մաքսատուրքը, և հիմնականում ռուսական մատակարարումներն սկսվել են հուլիսից: Փաստացի 38 հազար կարատ ռուսական ալմաստը ներմուծվել է վերջին երեք ամսում, ինչը և բացատրում է ներմուծման անկումը, պարզաբանել է վարչության պետը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանից ներմուծված ալմաստներն ամբողջովին երեսակվում են Հայաստանում, մինչդեռ անցած տարի ռուսական մատակարարումները հիմնականում վերաարտահանվել են երրորդ երկրներ: Վերաարտահանումը բավականին մեծ մաս է կազմել արտահանման ընդհանուր ծավալում, նշել է նա: Ստորագրված համաձայնագրի համաձայն, հունիսից Ռուսաստանը ոչ միայն վերացրել է մաքսատուրքը, այլ նաև արգելել է երրորդ երկրներ վերարտահանումը, ասել է Եգանյանը:
Նրա խոսքով, անցած տարվա 175 հազար կարատի փոխարեն 2014 թ. 10 ամսում ներմուծվել է 107 հազար կարատ`Ռուսաստանից, Նամիբիայից, Գվինեայից, Կանադայից, Բելգիայից, Շվեդիայից և մի շարք այլ երկրներից:
Վարչության պետը գտնում է, որ ռուսական ալմաստների ներմուծումը 2015 թ. կակտիվանա, սակայն հստակ կանխատեսումներից ձեռնպահ է մնացել: