Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին.
ՙՀարգելի պարոն վարչապետ: Այո, Դուք ճիշտ եք` ասելով, որ ՙԱպրիլի 24-ը յուրահատուկ կարևորություն է կրում իր մեջ Հայաստանի քաղաքացիների և աշխարհի հայերի համար՚: Բայց պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի պատմության և հիշողության, այլև Թուրքիայի պատմության և հիշողության մաս է:
Երբ Դուք անդրադառնում եք Հայոց ցեղասպանության հարցերին, ուշադրություն դարձրեք, որ Ձեր բառերը և քայլերը պետք է ուղղվեն առաջին հերթին թուրքերի նոր սերնդին, որոնք, ես կարծում եմ, չեն ցանկանում պիտակավորվել որպես ցեղասպան հանցագործների հետնորդներ: Մենք` կենդանի մնացածների հետնորդներս, նույնպես ցանկանում ենք նրանց ունենալ որպես գործընկերներ և ընկերներ, որոնք ազատ են իրենց մտածելակերպով և ցանկանում են իմանալ ճշմարտությունը և ոչ թե մեկ դար հնության ստերն ու հորինվածքները: Ես հպարտ կլինեմ նման գործընկերներ ունենալու համար, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալու անհրաժեշտությունը և դրա հետևանքների դեմ պայքարելը: Հատված Ձեր հայտարարությունից. «Թուրքիայում, 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմակարծության հեռանկար է, ինչպես նաև ժողովրդավարության և արդիականության մշակույթե: Իսկապես հիասքանչ հայտարարություն: Բայց թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը դեռևս գոյություն ունի: Ինչպե՞ս եք Դուք առաջարկում ինձ հասկանալ Ձեր հայտարարությունը, երբ ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կառավարությունը ստեղծեց հանձնաժողով, որն աշխատելու է Հայոց ցեղասպանության ճշմարտության դեմ, մի ճշմարտության, որն ընդունվել է շատ ցեղասպանագետների կողմից, որոնց մեջ նաև շատ են իմ թուրք գործընկերները: Թույլ տվեք գուշակել: Կարծում եմ, որ թուրքական կառավարությանն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ` ճշմարտությանը հասնելու համար: Ապագայի նկատմամբ հույսերով` Հայկ Դեմոյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն՚:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով ՙ20-րդ դարի սկզբի իրադարձություններ՚: