Ռուսաստանի և Աբխազիայի կողմից ՙԴաշնակցության և ռազմավարական գործընկերության՚ վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նվազեցրել է երկաթուղու աբխազական հատվածի բացման հնարավորությունը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
ՙՎրաստանը ձգտում է երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը, իսկ ստորագրված ռուս-աբխազական պայմանագիրը լուրջ խոչընդոտ է դրա համար, հետևաբար` վրացական իշխանությունների վրդովմունքը տեղին է և նվազեցնում է երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը՚,- նշել է նա:
Ըստ որում, քաղաքագետը գտնում է, որ երկաթուղու բացման շանսերը նվազել են, սակայն չեն վերացել, քանի որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություներն անցած տարիների համեմատ զգալիորեն դեպի լավն են փոխվել: ՙՉնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ կոնֆլիկտին` բացառված չէ, որ Թբիլիսին և Մոսկվան, այնուամենայնիվ, կարողանան պայմանավորվել երկաթուղու բացման շուրջ` ելնելով փոխադարձ շահերից՚,- նշել է նա: Թորոսյանը նաև նշել է, որ Մոսկվան արդեն որոշակի զիջումներ է արել` թույլ տալով վրացական ապրանքների մուտքը ռուսական շուկա:
Նոյեմբերի 24-ին Աբխազիայի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը` աբխազական հատվածի բացման օգնությամբ: Միաժամանակ, հիշեցնենք, որ վրացական կողմը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի շուրթերով արդեն քննադատել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև պայմանագրի ստորագրումը: Մարգվելաշվիլին դա անվանել է ՙՎրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված քայլ, ինչն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը Հարավային Կովկասում և փակուղի մտցնում Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը` անհաղթահարելի խնդրի առջև կանգնեցնելով Աբխազիային՚: