Օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»: «Ազատության» հետ զրուցում նման կտրուկ գնահատական է տվել հայտնի գործարար Վահագն Հովնանյանը, որ արդեն տասը տարուց ավելի Հայաստանում գործարարությամբ է զբաղվում:
«Բոլորն էլ նույնն են խոսում, որ իրենց ամբողջ դրամը իրենց ձեռքերի, բանկերի, ներդրումների մեջ է, որ չի շարժվում դրամը։ Դա մահ է տնտեսության համար։ Ես խիստ եմ խոսում, բայց ուզում եմ, որ անպայման մեկը սկսի լսել, ճիշտ ժամը հիմա է, արդեն ժամանակ է։ Ժողովուրդը հույսը կտրել է, ժողովուրդը պետք է արթնանա և սկսի վերականգնել իր հույսերը», - ասել է գործարարը։
Հովնանյանը մատնացույց է անում դեղերի շուկան, որը, նրա խոսքով, ամբողջովին գրավված է, մոնոպոլիզացված։ «Չկա մեկը, որ չի տեսնում դա, դա այնքան պարզ է երևում։ Չխորանանք անձերի վրա, բայց ճշմարտությունը այն է, որ այս ժողովուրդը պետք է առաջ գնա և ներդրումներ անի, մոնոպոլիաները պետք է քայքայվեն, մրցակցությունն է, որ երկիրը առաջ է տանում։ Այստեղ մրցակցություն չկա»,- ասել է Հովնանյանը։
Նա ընդսմին
հավելլե է, որ Հայաստանը չունի արտադրություն, չունի ապրանք, որ դուրս կարող է ուղարկել, և շահով դրամ գա երկիր: «Ապրանքը ներս է գալիս, իսկ մեր դրամը դուրս է գնում, և ով է այդ ամենը վերահսկողը... մենք ասում ենք handful of
people, մի քանի ընտրված անձեր, որոնք վարում են այդ ամբողջ բիզնեսը։ Չենք կարող այս ձևով առաջ գնալ, մի երկու տարի առաջ քայլ էինք անում, հիմա ետ քայլ ենք կատարում»,
- նշել է գործարարը։ Ըստ Հովնանյանի, այս ամենի հետևանքով Հայաստանի գործարար համբավը աշխարհում էապես տուժել է: «Այնքան վատ համբավ ունենք մեր սփյուռքի մեջ, որ ոչ մեկը չի ուզում գալ այստեղ ներդրում կատարել», - ասել է Հովնանյանը։
«Ժողովրդի գրպանները պարպվել են, ապրելը ավելի թանկացել է, դրամը չի շարժվում շուկայի մեջ, և ամեն բիզնես կզգա դա,- ընդգծել է գործարարը: - Բավականին ժողովուրդ մարդիկ գնացել են տարբեր երկրներ՝ իրենց ընտանիքները պահելու համար, առաջադիմություն չեն տեսնում երկրում։ Նրանք ուզում են անպայման հպարտ զգալ իրենց երեխաներով, ուսման մասին են մտածում, առողջության մասին... ես իրենց երբեք չեմ մեղադրում, որ դուրս են գնում գործ գտնելու համար», - նշել է գործարարը։