Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներքաղաքական
իրավիճակի ակտիվացումը կապված չէ ընտրական գործընթացի հետ: Նոյեմբերի 21-ին
մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա ասելով, ընդդիմադիր ուժերն սկսել են խոսել ժողովրդի
համար հասկանալի լեզվով և բարձրացնում են հարցեր, որոնք իրոք հուզում են
քաղաքացիներին: «Ընդդիմադիր ուժերն առաջին անգամ պահանջում են ոչ թե իշխանության
հրաժարական, այլ մշակել են 12 կետից բաղկացած գրագետ քաղաքական օրակարգ, որում
ներառվել են մարդկանց առաջնահերթ խնդիրները», - նշել է փորձագետը: Ընդ որում նա
կարծում է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ընդդիմության հետ երկխոսությունից`
հրաժարվելով կատարել 12 կետերը:
Բոզոյանը կարծում է, որ այժմ Հայաստանը կանգնած է
ընտրության առջև. կամ ընթանալ Ուկրաինայի ճանապարհով, կամ գնալ փոխզիջումների
ընդդիմության հետ: «Ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի առաջիկա
ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը», - կարծում է
քաղաքագետը:
Նա նաև համոզված է, որ ընդդիմությունն այսօր ունի հզոր
առաջնորդ` ի դեմս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ով արդեն հայտարարել է, որ ինքը
հանրապետությունում թշնամի չունի, ինչը նշանակում է, որ հետագայում «վհուկների
որս» չի լինի:
Ոչ
իշխանական կուսակցություններն իշխանություններին ներկայացրել էին 12 պահանջ, որոնք
առնչվում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, և կառավարությանը կոչ էին արել
դրանց պատասխանել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունը 12 էջի վրա հիմնավորել
էր դրանց կատարումից հրաժարվելը: Հետագայում նախագահ Սերժ Սրագսյանը հայտարարեց,
որ կառավարությունը պետք է կետ առ կետ քննարկի ընդդիմության տասներկու պահանջները
և նշի այն որոշակի գործընթացները, որոնցով այդ կետերը կիրագործվեն: