Ստեփանակերտի շահերի և կարծիքների համընկնումը Երևանի հետ պարտադիր չէ, և մի շարք դեպքերում դրանք կատարյալ հակադիր բնույթ են կրում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`մեկնաբանելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վերջին հայտարարությունը:
Նա առցանց մամուլի ասուլիսում առաջին անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ եթե նույնիսկ Լեռնային Ղարաբաղը վերստն դառնա բանակցությունների մասնակից, մադրիդյան սկզբունքները Ստեփանակերտի համար անընդունելի կլինեն: Մեկնաբանելով Ադրբեջանին յոթ շրջանների հանձնման հնարավորությունը` ԼՂՀ վարչապետը հայտարարել էր, որ ազատագրված տարածքները` դա Արցախն է, և այլ տեսակետ լինել չի կարող:
ՙԱրցախում Մադրիդյան սկզբունքների դեմ են հանդես գալիս բավականին վաղուց: Ժամանակին այդ առնչությամբ նույնիսկ հնչել են ԼՂՀ Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունների պաշտոնական հայտարարությունները: Կարծում եմ, որ ղարաբաղցիների և Երևանի միջև հակասությունները հնարավոր են թեկուզ այն պատճառով, որ առաջին հարվածները 1991-94 թթ. պատերազմում բաժին են ընկել հենց նրանց: Վստահ եմ, որ հենց Ղարաբաղի հայերը պետք է որոշեն, թե ինչն է իրենց համար ավելի ճիշտ`անվտանգության ապահովման տեսակետից: Այդ պատճառով Երևանի և Ստեփանակերտի միջև միասնական տեսակետի մասին խոսել չենք կարող՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում ոչ բոլորն են համաձայն իշխանությունների տեսակետին արտաքին քաղաքականության, մասնավորապես`Մադրիդյան սկզբունքների կիրառման նպատակահարմարության մասով: Նրա խոսքով, ՙԺառանգություն՚ կուսակցությունը բազմիցս հանդես է եկել սկզբունքների դեմ`հիմնավորելով դա Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմությամբ, որոնք պատրաստ են դրանց հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գնալ: ՙ2013 թ. նախագահի վերջին ընտրությունները կեղծված էին, ժողովուրդը դրանց արդյունքներին չի հավատացել: Իսկ Հայաստանում արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը՚,- ընդգծել է նա:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը հերթական անգամ ցույց է տվել, այսպես կոչված, անվտանգության միջազգային երաշխիքների իրական գինը: ՙՄասնավորապես`20 տարի առաջ միջուկազերծ երկրներին Կիևի միացման վերաբերյալ պայմանագրում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը փաստացի հանդես են եկել որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներ: Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրները կատարում իրենց պարտավորությունները: Հետևաբար`այս պայմաններում Արցախի անվտանգության լավագույն երաշխիքը վերջինիս տարածքներն են և հակառակորդի նկատմամբ հարմար աշխարհաքաղաքական դիրքը՚,- ամփոփել է Մրատիրոսյանը: