Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին`գործադիր իշխանությունում 1956 թ. ծնված ոմն քաղաքացի Սուրիկ Խաչատրյանին աշխատանքի տեղավորելու առաջարկով, ով դիմել է Փաշինյանին իշխանության կառույցներից որևէ մեկում իրեն համապատասխան աշխատանք գտնելու խնդրանքով:
ՙԽաչատրյանը Հայաստանի քաղաքացի է, երեք անգամ դատապարտվել է տարբեր ծանր հանցագործությունների համար: Հաշվի առնելով Ձեր կադրային նշանակումների տրամաբանությունը`չէի՞ք կարող աշխատանքի տեղավորել Խաչատրյանին, ասենք, որևէ նախարարի, փոխնախարարի կամ գոնե մարզպետի պաշտոնում՚,- ասել է Փաշինյանը:
Ի պատասխան`Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կպատասխանի այդ հարցին, եթե իմանա, թե ում մասին է խոսքը:
ՙՆույնպիսի կենսագրություն ունի օրերս Ձեր կողմից նշանակված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Փաստորեն ձեր կառավարության հետ աշխատելով` ռեցիդիվիստները կարող են ուղղվել: Նույն Սուրիկ Խաչատրյանը երեք անգամ դատվել է տարբեր հանցագործությունների համար, իսկ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելով` պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է դարձել՚,- նշել է Փաշինյանը:
Սուրիկ Խաչատրյանի նշանակման առնչությամբ Աբրահամյանը հավաստիացրել է, որ այդ որոշումն անձամբ ինքն է կայացրել`հաշվի առնելով շարքային սյունիքցիների, մարզի տարբեր հասարակական կազմակերպությունների բազմաթիվ խնդրանքները:
Նշենք, սակայն, որ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում դժգոհության ալիք է բարձրացրել ինչպես մարզում, այնպես էլ ընդհանուր առմամբ հանրապետությունում:
Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացվել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց: