Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ
չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում
եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից: Ինչպես
տեղեկացնում է ՀՀ նախագահի
մամուլի ծառայությունը, այս մասին ապրիլի 24-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պրահայում ընթացող Արևելյան
գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:
«Այսօր ես Պրաhա եմ ուղևորվել Հայոց ցեղասպանության
հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ
զոհերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր
հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների,
հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության
կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը
մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր
ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին,
կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ
համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»,-նշել
է պետության ղեկավարը:
Նախագահը նշել է, որ Հայաստանը հանձնառու է աշխարհի
բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում
ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն
ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում
Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության
հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը: Սարգսյանը նշել է, որ Եվրոպական
միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի
հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր
ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան
ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ
երկրների:
«Այսօր,
Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած
հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական
քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ
առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք
հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը:
Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է
սահմանը»,-նշել է նախագահը: Սարգսյանը նշել է, որ հայ-թուրքական
հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը
շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: «Պարադոքսալ
է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի
սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են
դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,-նշել է ՀՀ նախագահը: