Ապրիլի 25-29-ը Երևանում
կընթանա 12-րդ «Արմմոնո» փառատոնը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում
հաղորդել է փառատոնի մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը:
Այս տարի փառատոնի
շրջանակում կներկայացվի 17 ներկայացում Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից,
Լիտվայից և Հայաստանից: Փառատոնը կբացի Պետար Միլոշևսկու The
Beautiful ներկայացումը (Մեծ Բրիտանիա): Բացի այդ, հայտնի դերասանը
վարպետության դաս կանցկացնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
ուսանողների համար:
Այս տարի «Արմմոնոյին»
մասնակցում է 2 ներկայացում Լիտվայից. Լիտվայի ազգային ակադեմիական թատրոնի
դերասանուհի Բիրուտե Մարի «Խոսքեր ավազի մեջ» և Վիդմանտաս Ֆիալկաուսկասի «Անկում
խավարում»: Փառատոնի շրջանակում հանդես կգա նաև հայտնի լեհ դերասան Յանոշ
Ստոլարսկին: Փառատոնում կներկայացվեն ռուսաստանցի Ալեքսեյ Բաղդասարովի
«Ապոկալիպսիսի մեկնաբանը» և Օլգա Նովիցկայայի «Դասը»:
Հայկական ծրագրում
ներառված են Ռոբերտ Հակոբյանի «Գիշերային խոսակցություն», Արա Գևորգյանի «Ծխախոտի
վնասի մասին», Զարուհի Խաչատրյանի «Խարույկ լուսաբացին», Վարազդատ Փանոյանի
«Դորիան Գրեյ», Մարի Գրիգորյանի «Քուչակ և Մարի» . Յուրի Իգիթխանյանի «Մեկ ամիս
գյուղում. Իսաև» ներկաայցումները:
Մուրադյանը նշել է, որ այս
տարի կշարունակվի նախորդ տարի մեկնարկած «Արմմոնո-դեբյուտ» ծրագիրը: Բացի այդ,
առաջին անգամ կընթանա «Արմմոնո-տրիումֆ» ծրագիրը, որում ներառվել են նախորդ տարվա
փառատոնում մեծ հաջողության արժանացած ներկայացումները` Մուրադ Ջանիբեկյանի
«Խոստովանաքը» և Նարինե Գրգորյանի «Ձին»:
«Արմմոնոյի»
հյուրերը կլինեն աշխարհի տարբեր երկրների համանմանն փառատոնների ղեկավարներ,
թատերական քննադատներ և հայտնի ռեժիսորներ: Փառատոնը կընթանա ՀՀ մշակույթի
նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ: