Ոչ իշխանական խորհրդարանական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն,
«Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում
դատապարտել են հարձակումները քաղաքացիական ակտիվիստների, Արցախյան պատերազմի
վետերանների, ինչպես նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա: Լրագրողների հետ
հանդիպմանը հայտարարությունն ընթերցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա
Զոհրաբյանը:
Համատեղ հայտարարությունում նշվում է, որ երկրում
բռնության ալիքը խորին մտահոգություն է հարուցել խորհրդարանական ուժերի շրջանում:
Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ իշխանությունները պետք է բոլոր հնարավոր
միջոցները ձեռնարկեն հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Հայտարարությունում
հատկապես քննադատության է արժանացել
փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, որն օրերս սպառնացել
էր կտրել բոլոր նրանց ականջները, ովքեր հանդգնել են վիրավորել նախագահ Սերժ
Սարգսյանին: Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, իր խոսքերի համար Երանոսյանը
պետք է պաշտոնանկ արվի, քանզի բացահայտ սպառնում է քաղաքացիներին և իրեն օրենքից
վեր է դասում:
Զոհրաբյանը
նաև հաղորդել է, որ դեկտեմբերի 17-ին ոչ իշխանական ուժերը մտադիր են նախաձեռնել ևս
մեկ արտահերթ նիստ, որն արդեն նվիրված կլինի ֆինանսական ոլորտում առկա իրավիճակին,
դրամի արժեզրկմանը, քաղաքացիների սոցիալ-քաղաքական վիճակին: «Մենք մտադիր ենք
նիստին հրավիրել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք պատասխանեն
մեզ հուզող բոլոր հարցերին, բացատրեն այս խայտառակ իրավիճակի պատճառը, որի
արդյունքում մեր քաղաքացիներն օրեցօր աղքատանում են», - ասել է Զոհրաբյանը: