Եվրախորհրդարանը կոշտ բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ`կապված այդ երկրում իրավապաշտպանների նկատմամբ դատական հետապնդումների հետ:
Բանաձևը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի օգտին լրտեսության կասկածանքով ադրբեջանցի իրավապաշտպանների նկատմամբ դատական վերջին հետապնդումներին:
Բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման սպառնալիք է պարունակում, եթե իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները չդադարեցվեն: Եվրախորհրդարանը սպառնում է նաև խզել Ադրբեջանի հետ հարաբերությունները, եթե վերջինս վերջ չտա քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներին:
Եվրախորհրդարանի բանաձևի համաձայն, Բաքվի նման քայլերն ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև ցանկացած հարաբերությունների դադարեցմանը: Մինչդեռ, ինչպես ընդգծվում է բանաձևում, հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների համագործակցության խթանումը հատկապես կարևոր է դառնում ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում:
Միաժամանակ Եվրախորհրդարանը Միջազգային օլիմպիական կոմիտեից պահանջում է ազդել Ադրբեջանի վրա խոսքի ազատության ապահովման հարցում` 2015 թ. այդ երկրում Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման համատեքստում:
Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը չի վերականգնվի, քանի դեռ չեն վերացվել այդ երկրում այդ և այլ բացասական երևույթները:
Ավելին, Եվրախորհրդարանը Եվրախորհրդին կոչ է արել սահմանել Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների շրջանակը`այդ երկում խոսքի ազատության ապահովման առնչությամբ պահանջների չկատարման դեպքում: