Արդշինինվեստբանկն
իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ
համակարգ, որը սպասարկվում է Բանկի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող 56 սպասարկման
կետերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, «ANELIK» համակարգով հնարավոր է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ
ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
«ANELIK»-ի հետ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ
Արդշինինվեստբանկից հնարավոր կլինի ստանալ կամ ուղարկել փոխանցումներ 0.5%
սակագնից սկսած: Փոխանցումն ուղարկելու համար վճարում է միայն ուղարկողը, իսկ այն
հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:
Իր հիմնական ցուցանիշներով, ընդ որում միջազգային
դրամական փոխանցումների սպասարկման ցուցանիշով, Արդշինինվեստբանկն ավանդաբար
ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցուցակում:
Համալրելով վճարային համակարգերի ցանկը «Anelik» դրամական
փոխանցումների համակարգով` Արդշինինվեստբանկը մրցունակ պայմաններով իրականացնում է
բոլոր առաջատար վճարային համակարգերի սպասարկումը` Avers, IntelExpress, Sigue,
MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта:
Նշենք,
որ Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային շուկայում գործում է 2002 թվականից:
Բանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես-ներդրումների կենտրոն» ԲԲԸ, որի
մասնաբաժինը կազմում է 97.23%, իսկ մնացած 2.77%-ը պատկանում է ֆիզիկական անձանց:
Արդշինվեստբանկն իր ակտիվներով Հայաստանի բանկային համակարգում 2014թ. հունվարի
1-ի դրությամբ զբաղեցնում է 3-րդ տեղը` 668 մլն.դոլար: Բանկն ունի 220
հազ.հաճախորդ, 1081 աշխատակից, 55 մասնաճյուղ, 92 բանկոմատ: Բանկը հիմնականում
զբաղված է կորպորատիվ հաճախորդների և ՓՄՁ սուբյեկտների վարկավորումով, որոնց
մասնաբաժինը բանկի վարկային ընդհանուր պորտֆելում կազմում է 69%: Արդշինվեստբանկի
ակտիվները, վարկային ներդրումները և ավանդները Հայաստանի բանկային համակարգում
համապատասխանաբար կազմում են` 9.2%, 9.6% և 9.4%: Բանկն ունի 49 մասնաճյուղ
Հայաստանում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և Ներկայացուցչություն` Փարիզում: