Սերժ Սարգսյանը փակում է Ռոբերտ Քոչարյանի`իշխանության գալու ճանապարհը, ինչով էլ, ըստ էության, պայմանավորված են երկրորդ նախագահի հայտարարությունները, ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ընդդիմադիր ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
ՙՌոբերտ Քոչարյանի հարցազրույցի հստակ հավաստումները մեկնաբանել կտրականապես հրաժարվում եմ: Կարծում եմ, որ նա իրավունք չունի որևէ գնահատական տալ: Ասեմ միայն այն, որ Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները, փակում է նախկին երկու նախագահների`ինչպես Լևոն Տեր-ՊետրոսյաՆի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի`իշխանության գալու ճանապարհը՚,- գտնում է Կարապետյանը:
Նրա խոսքով, Սարգսյանը Քոչարյանին վարչապետ չնշանակեց և, ընտրելով բոլորի համար քիչ թե շատ ընդունելի Հովիկ Աբրահամյանին, խլել է բոլոր հաղթաթղթերը երկրորդ նախագահի ձեռքից: Այժմ վերջինիս մնում է միայն հրապարակորեն դեմ գնալ Սերժ Սարգսյանին:
ՙԱվելին, որքանով ես եմ տեղյակ, և որքանով թույլ են տալիս ինձ դատել վերլուծական կարողություններս, Սերժ Սարգսյանին բոլոր այդ նախաձեռնություններում ակտիվորեն աջակցում է Մոսկվան՚,- ասել է ընդդիմադիր գործիչը: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների բուն էությանը, նրա կարծիքով, բարեփոխումներ պետք են. այդ հարցը կարելի է քննարկել, բայց միաժամանակ Հայաստանին հիմա ոչ մի դեպքում չի կարելի փոխել կառավարման նախագահական համակարգը:
Հիշեցնենք, որ 2rd.am կայքին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն, հայտարարել է, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում, որի ժամանակ նախագահը ասել էր, թե որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր իրենց հաջողությունը փնտրում են գործող իշխանության ձախողումներում, ինչը շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ մեկնաբանել էին որպես ակնարկ Քոչարյանի հասցեին, երկրորդ նախագահը նկատել է. ՙԲանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել եւս, որ ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց՚: