«Անելիք Բանկ» ՓԲԸ
շարունակում է ավելացնել մանրածախ պրոդուկտների տեսականին` ներդնելով նոր`
Պարզ-Արագ Ավտո քարտային վարկատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել
է Բանկի լրատվական ծառայությունից, տվյալ վարկատեսակը վարկառուներին
հնարավորություն է տալիս ստանալ ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր մինչև 10 հազար
ԱՄՆ դոլար կամ 2 մլն ՀՀ դրամ գումարի
չափով, առանց եկամուտը հաստատող փաստաթղթի, Անելիք Բանկի ArCa, VISA և MasterCard
վճարային քարտերի միջոցով:
«Պարզ-Արագ Ավտո վարկատեսակի տրամադրման համար Բանկում
մշակվել է պարզեցված և հարմար ընթացակարգ: Մեր ավտոսեփականատեր հաճախորդները
հնարավորություն ունեն միայն գրավադրելով ավտոմեքենան, ստանալ պահանջվող վարկը`
հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ
կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, ավելացնելով, որ մանրածախ վարկավորումը
շարունակում է մնալ Բանկի գերակա ուղղություններից մեկը:
Մինչ այդ Անելիք Բանկն իր վարկային պրոդուկտների «Պարզ-Արագ»
փաթեթը համալրել էր եկամուտների վերաբերյալ տեղեկանք չպահանջող ևս երկու նոր
պրոդուկտներով` «Էքստրա» (մինչև 1400 դոլար) և «Պրոգրես» (մինչև 2000 դոլար):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշների, Անելիք Բանկը, մանրածախ վարկային մի քանի նոր
պրոդուկտների ակտիվ ներդրման միջոցով ցուցադրեց բանկային շուկայի համար ամենաբարձր
աճի տեմպերը, ինչպես սպառողական, այնպես էլ մանրածախ վարկավորման հատվածներում:
Այսպես, սպառողական վարկավորման ծավալը բանկն 2014 թվականի առաջին կիսամյակում ավելացրեց
35% (շուկայում արձանագրվել է 28.5% անկում), իսկ ֆիզիկական անձանց վարկավորման
ծավալներն ավելացրեց 40% (շուկայում աճը եղել է 8.2%): Երկրորդ եռամսյակում բանկը
սպառողական վարկավորումն ավելացրեց 19%, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը` 21%:
Ընդ որում, տարեկան կտրվածքով այս ցուցանիշների աճը համապատասխանաբար կազմեց 48.5%
և 53.3%: Մի շարք պահանջված մանրածախ վարկային պրոդուկտների ագրեսիվ բայց մտածված
ներդրման արդյունքում Անելիք Բանկը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ձևավորեց
սպառողական վարկավորման 19.3 մլրդ. Դրամ ծավալով պորտֆել, առաջին եռամսյակում
ցատկելով դեպի առաջատարների տասնյակ, իսկ երկրորդ եռամսյակում հաստատտվելով
TOP-10-ում:
Նշենք,
որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է հանդիսանում լիբանանյան Credit Bank
S.A.L.բանկը,
որը 2013-ի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը բանկի կապիտալում 89.95%-ից
հասցրեց մինչև 100%-ի: