Երևանը նշում է Անիմացիայի միջազգային օրը: Վերջինիս համար յուրօրինակ հարթակ է հանդիսացել ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնը: Այսօր փառատոնի շրջանակներում կարելի է, մասնավորապես, տեսնել 2009-2013 թթ. նկարահանված հայկական լավագույն մուլտֆիլմերը, ինչպես նաև 2012 թ. ՙՕսկար՚ մրցանակի առաջադրված ՙՓարիզցի կատու՚ ֆրանսիական մուլտֆիլմը:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ReAnimania-ի տնօրեն Վրեժ Քասունին, Անիմացիայի միջազգային օրը նաև այդ ոլորտում կարևոր խնդիրների մասին բարձրաձայնելու լավ առիթ է: Հայաստանի համար դա որակյալ կադրերի պակասն է, ինչպես նաև անիմացիայի ոլորտում պետական միջոցների բաշխման հարցերը:
Touch FX անիմացիոն ստուդիայի տնօրեն Վահե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մուլտիպլիկացիայի զարգացման մեծ ներուժ կա: ՙՄենք ունենք մեր ավանդույթները, մեր պատմությունը, և դրա վրա կարելի է ու հարկավոր է հենվել՚,- ասել է նա: ՙՄենք պետք է արտադրանք տանք, որը կարող է հետաքրքիր լինել աշխարհին: Կարծում եմ, որ հետաքրքրություն կարող են առաջացնել Հայաստանի պատմության վրա հիմնված ֆիլմերը՚,- նշել է Սարգսյանը:
ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին: