Կառավարող
ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ որոշումը վկայում է Հայաստանի իշխանական
շրջանակներում խուճապի մասին: Այդ մասին ապրիլի 17-ին մամուլի ասուլիսում
հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա ասելով, «հրաշալի քառյակին» հաջողվել է պառակտել
կոալիցիան և լրջորեն վախեցնել կառավարող վարչակազմին, որը գիտակցում է, որ սկսվել
է քաղաքական ճգնաժամ, և շուտով վերջ կդրվի ՀՀԿ կառավարմանը: «Կառավարող վարչակազմը
փորձում է էլի մի փոքր դիմանալ, և դրա
համար զոհաբերեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով դարձավ քավության նոխազ երկրում առկա բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի
համար», - հայտարարել է փորձագետը: Նա ընդսմին ավելացրել է, որ դրական
փոփոխություն չի ակնկալում նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանից, քանի որ, իր
կարծիքով, վերջինս շարունակելու է Տիգրան Սարգսյանի քաղաքական և տնտեսական գիծը:
«Իսկ դա նշանկաում է, որ նա երկար չի մնա վարչապետի պաշտոնում», - նշել է
քաղաքագետը:
Ընդ որում փորձագետը չի բացառել, որ «հրաշալի քառյակը»
(ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն») կդառնա
հնգյակ` ՕԵԿ հետ միասին, և ավելի կոշտ պայքար կսկսի վարչակազմի դեմ: «ՕԵԿ
առաջնորդը փորձում է նոր էջ բացել իր կարիերայում և, հնարավոր է, ընդդիմադիր դաշտում
փորձի գտնել կորսված հեղինակությունը բարձրացնելու եղանակներ», - նշել է Բոզոյանը:
«Ակնհայտ է, որ նրանք ձանձրացել են ՀՀԿ «արբանյակ» լինելուց, 6 տարի հանդուրժել են, և այժմ մտադիր են իրենց
ձեռքը վերցնել որոշ քաղաքական գործընթացներ», - նշել է նա, հավելելով, որ
դավադրությունների տեսության կողմնակից չէ և չի կարծում, թե Արթուր Բաղդասարյանի
նման դիրքորոշումը խաղ է` հաշվարկված 2018 թվականի նախագահական ընտրությունների
համար: