ՙՄենք բարձր ենք գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, ով հեռատեսություն ցուցաբերեց և երկխոսություն սկսեց Թուրքիայի հետ՚,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Նրա խոսքով, չնայած երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը առայժմ սառեցված է`այնուամենայնիվ, ինքը հավատում է, որ երկխոսության վերականգնումը ժամանակի հարց է:
Լեհ դիվանագետը գտնում է, որ անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները ողբերգական են, միաժամանակ ցավոտ խնդիրների երկարաժամկետ լուծումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը հնարավոր է միայն երկխոսության և հաշտեցման ճանապարհով:
Միաժամանակ դեսպանը ձեռնպահ է մնացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարության առնչությամբ մեկնաբանություններից`հայտարարելով, որ ծանոթ չէ փաստաթղթի բովանդակությանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով ՙ20-րդ դարի սկզբի իրադարձություններ՚: