ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաշտության
համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկում են ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի
նախագահների Փարիզում կայանալիք հանդիպմանը: Այդ մասին ԱՊԱ-ին հաղորդել են ԵԱՀԿ
մամուլի ծառայությունում:
Համանախագահները կարծում
են, որ նախագահների Սոչիում և Ուելսում կայացած հանդիպումները «բանակցային ուղի»
են բացել կողմերի միջև:
«Առաջիկա փարիզյան հանդիպումից մենք ակնկալում ենք
հաշտության համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկում: Մենք նաև հուսով ենք,
որ նախագահները կպայմանավորվեն փոխվստահության և թափանցիկության հասնելու
միջոցների շուրջ: Համանախագահները պատրաստ են հնարավորինս աջակցություն տրամադրել
այդ ուղղությամբ: Եռանախագահները կարծում են, որ ՄԽ միակ ձևաչափն է, որին կողմերը
վստահում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի
և Հայաստանի ղեկավարները նույնպես հրապարակավ հայտարարել են համանախագահների
ջանքերին աջակցության մասին, և մենք պատրաստ ենք օգնել կողմերին հաշտության
հասնելու գործում», - ասվում է հաղորդագրությունում:
Նաև նշվում է,
որ համանախագահների համոզմամբ, Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական
միությանը չի ազդի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների
քաղաքական կամքից, այլ ոչ թե` որևէ պայմանագրի կամ դաշինքի միանալուց:
Համանախագահները հուսով են, որ վերջին շփումներից հետո կողմերը կարող են
տրամադրվել հաշտության», - ասվում է հաղորդագրությունում: