Հայաստանը
Ռուսաստանի Դաշնության հետ բանակցում է բեռների տեղափոխման գործընթացը
դյուրացնելու ուղղությամբ: Այս մասին
նոյեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու թեմայով տեղի
ունեցած քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության
շուկայի կառավարման և կարգավորման վարչության ղեկավար Գագիկ Քոչարյանը:
Նրա խոսքով, խոսքը, մասնավորապես, գնում է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի բեռնափոխադրողների
համար առանձին թերմինալ ստեղծելու մասին: Վարչության ղեկավարն ընդգծել է, որ այդ
խնդրի լոծումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել հայ արտադրողների ապրանքների
մատչելիությունը ԵՏՄ երկրների շուկաներում, և հակառակը:
Հայաստանի
արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ իր հերթին
է գտնում, որ այդ պրոբլեմի լուծոմը շատ կարևոր է: Նրա խոսքով, «Վերին Լարս»
անցակետով անցնող 8 ավտոմեքենաներից առայժմ միայն մեկն է պատկանում հայ
բեռնափոխադրողներին: Այսօր իրավիճակն ավելի է բարդացել, կապված դեպի Ռուսաստան
թուրքական ապրանքների արտահանման հետ: «Թուրքիան օգտվեց Ռուսաստանի նկատմամբ
կիրառված արևմտյան պատժամիջոցներից և մեծացրեց արտահանման ծավալները: Նրա
նավահանգիտներն ու պարոմներն ի վիճակի չեն ապահովել բեռնափոխադրումների ծավալների
նոր աճը, ինչի արդյունքում` թուրքական ապրանքների զգալի մասն ուղղվեց դեպի «Վերին
Լարս» անցակետ»,-նշել է Ղազարյանը:
Հիշեցնենք,
որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրել են ԵԱՏՄ-ին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագիրը: ԵԱՏՄ մասնակից երկրների տնտեսության ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 2 տրլն դոլար, երեք երկրների արդյունաբերական արտադրանքի թողարկման ընդհանուր ծավալը հասնում է 1,5 տրլն դոլարի: Հեռանկարային ինտեգրացիոն արդյունքը միագումար ՀՆԱ աճի տեսքով, 2030 թվականին կարող է կազմել մինչև 900 մլրդ դոլար: Պայմանագրում ամրագրված են կողմերի ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները` հաշվի են առնված Եվրասիական տնտեսական միության պետությունների ազգային շահերը: