Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիակազմ նիստում հաստատվել է ԵԽԽՎ բյուրոյի
սեպտեմբերի 2-ի նիստի արձանագրությունը, որի համաձայն, որոշում է կայացվել
«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում լարվածության
սրման» վերաբերյալ զեկույց կազմելու մասին, և այդ հանձնարարականն, ըստ
նշանակության, ուղարկվել է Քաղաքական հարցերի կոմիտե: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,
այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլխան
Սուլեյմանովը: Նա ընդսմին նշել է, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին չի
համաձայնել այդ որոշմանը: Սուլեյմանովի ասելով, Սավիցկին ասել է, որ զեկույցի
վերնագիրը սադրանք է ընդդեմ Հայաստանի, և խոստացել, որ կկանխի բյուրոյի
արձանագրության հաստատումը լիակազմ նիստում: «Որոշ հայամետ տրամադրված
պատգամավորներ նույնպես աջակցություն են հայտնել հայկական կողմին և հայտարարել, որ
կքվեարկեն փաստաթղթի դեմ», - նշել է նա:
Ընդ որում ադրբեջանցի խորհրդարանականն ընդգծել է. «Դա
լուրջ քայլ է, որը մեզ մոտեցրել է հաղթանակին: Հերթական փուլը հոկտեմբերի 1-ին
Քաղաքական հարցերի կոմիտեում զեկուցողի նշանակումն է: Անշուշտ, այն ժամանակ էլ
լարվածությունն անխուսափելի կլինի»:
Նշենք,
որ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամներն անմիջապես բողոք են հայտնել զեկույցի վերնագրի առնչությամբ` քննարկումներն
սկսվելուն պես: Հայաստանցի խորհրդարանականները սադրանք են որակել նման զեկույցի
քննարկումը ԵԽԽՎ-ում այն ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի
խմբի շրջանակում: