Սադրանքներով և անմարդկային գործողություններով Բաքուն մոտեցնում է հատուցման ժամը, քանի որ ադրբեջանական կողմի ցանկացած չմտածված և անհեռատես քայլ համարժեք պատասխան կստանա, նախօրեին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշել է, որ խոցված արցախյան ուղղաթիռն ադրբեջանական իշխանությունների անպատասխանատու քաղաքականության դրսևորում է: ՙՀակառակորդն այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ սպանելով հայ զինվորներին կամ ուղղաթիռ խփելով`պատասխան հարված է ստանալու: Ի տարբերություն ադրբեջանական բանակի անզորությանը, հայկական բանակը վստահորեն զարգանում է`հայտնաբերելով ու ոչնչացնելով ցանկացած ծուղակ՚,- ընդգծել է նախարարը: ՙԱդրբեջանը դեռ պետք է հատուցի այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ այս տարվա օգոստոսին և նոյեմբերին, և սեփական բանակում բոլոր կորուստների համար, որոնք կարող էին նաև չլինել՚,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: