2014 թվականին անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային փառատոնը կընթանա ոչ միայն Երևանում, այլև` Գյումրիում, հաղորդել
է փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը` հոկտեմբերի 23-ին կայացած
մամուլի ասուլիսում:
Երևանում փառատոնը կընթանա հոկտեմբերի 25-31-ը: Այս տարի
փառատոնի ծրագիրը ներառում է 400
լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ աշխարհի տարբեր երկրներից: Ավանդույթի համաձայն, «Ռեանիմանիայի» շրջանակում կընթանան ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ, այլև` վարպետության դասեր, որոնք կվարեն, մասնավորապես, մարկետինգի գծով մասնագետ
Մարկ Շապիրոն (ԱՄՆ) և ֆիլմերի նկարիչ Կարոլին Շվայցերը (Գերմանիա):
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կներկայացվի
ֆրանսիական խոշորագույն ստուդիաներից մեկը` «Ֆոլիմաժը»: Այսպես, փառատոնի
շրջանակում կցուցադրվեն ստուդիայի լավագույն ֆիլմերը, իսկ «ՌեԱնիմանիայի» հյուրը
կլինի ստուդիայի կոմպոզիտոր Սերժ Բեսետը:
Առաջիկա փառատոնի հետաքրքիր առանձնահատկությունը կլինի
անիմացիոն ֆիլմերի մի շարք նախագծերի շնորհանդեսը: Կաննի ՄԿՓ դափնեկիր Սերժ Ավետիքյանը կներկայացնի իր նոր նախագիծը` «Վերջին ռաունդը Ստամբուլում»:, իսկ Իլյա Յուդովիչն ու Վալենտին Լապինը` «Սիրտ իմ»
տիկնիկային լիամետրաժ ֆիլմը` ըստ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի:
«Սիրտ իմ» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և դրա
պրեմիերան նախատեսվում է 2015 թվականին` արդեն 7-րդ «ՌեԱնիմանիա» փառատոնում:
«ՌեԱնիմանիա» փառատոնը կբացի ռեժիսորներ Ստեֆան Բյոռլի և Մատիս Մալզյոյի «Սրտի մեխանիկա» ֆիլմը: Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնի շրջանակում կընթանան տարածաշրջանային պրեմիերաներ: Դրանց թվում են Ալե Աբրեուի «Մանուկն ու աշխարհը» (Բրազիլիա), որն արժանացել է անիմացիոն ֆիլմերի Անսի-2014 միջազգային փառատոնի մրցանակի: Եվս մեկ տարածաշրջանային պրեմիերա կլինի Հելեն Ժիրոյի և Թոմաս Զաբոյի «Թրթուրներ: Արկածներ մրջյունների հովտում» ֆիլմը (Ֆրանսիա):
Փառատոնը կփակի Անրի Ֆոլմանի «Կոնգրես» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Կաննի
66-րդ փառատոնում: «Կոնգրեսն» արժանացել է եվրոպական կինոակադեմիայի մրցանակի`
որպես լավագույն անիմացիոն ֆիլմ:
Երևանից
հետո անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա»
փառատոնը կընթանա նաև Գյումրիում: