Միլլի Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը խորհրդարանականներին կոչ է արել խստորեն չքննադատել Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը: Այդ մասին հայտնում է Turan-ը:
ՙԱյսօր աշխարհում չի գործում արդարության սկզբունքը, դրան և երկակի չափանիշների քաղաքականությանը հարկավոր է վարժվել՚,- ասել է Ասադովը խորհրդարանի նիստում`մեկնաբանելով խմբի ստեղծումը:
Ըստ որում, նա հայտարարել է, որ Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին տեղեկատվությունը ոչ պաշտոնական տեղեկատվություն է`տարածված միայն հայկական ԶԼՄ-ների կողմից, և որևէ պաշտոնական հաստատում այդ հարցի առնչությամբ չկա:
Պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան իր հերթին հանդես է եկել Միլլի մեջլիսի`Եվրախորհրդարանին ուղղված հատուկ դիմում պատրաստելու նախաձեռնությամբ: Պատգամավոր Գանիրա Փաշաևան առաջարկել է Ադրբեջանի ՙօկուպացված տարածների՚ վերաբերյալ հատուկ օրինագիծ նախապատրաստել: Նրա խոսքով, Ադրբեջանի ՙօկուպացված տարածքներ՚ ապօրինի այցելող անձանց սև ցուցակներ կազմելու ուղղությամբ ԱԳՆ աշխատանքը բավարար չէ:
ՙՀարկավոր են ավելի կորշտ միջոցներ: Անհրաժեշտ է պատրաստել օկուպացված տարածքների վերաբերյալ առանձին օրինագիծ և օրենսդրորեն ամրագրել երկրի տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիությունը: Վրաստանում արդեն ընդունվել է նման նորմատիվային օրենք, և դա դրական օրինակ է՚,- ասել է նա:
Նշենք, որ Եվրախորհրդարանում ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ, որի նպատակը ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու եվրոպական արժեքների արմատավորմանն աջակցելն է ԼՂՀ-ում: Խմբի նպատակը նաև շփումների հաստատումն է Եվրամիության և ԼՂՀ պաշտոնական անձանց միջև, ինչպես նաև կողմերի քաղաքացիական հասարակությունների միջև կապի հաստատումը: Խմբի ջանքերով ճանաչողական այցեր կիրակացվեն Լեռնային Ղարաբաղ: Կառույցը նաև կաջակցի Ստեփանակերտի մասնակցությանը տարբեր միջազգային ֆորումների և ԵՄ ծրագրերին: Հավելենք, որ արդեն համանման խմբեր են գործում Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարաններում: