Չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Այդպիսի կարծիք է
հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով
Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների:
«Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել` ոչ», - հայտարարել է Քոչարյանը: Նա
ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցում չկա նաեւ արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: «Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ», - նշել է նա:
ՀՀ երկրորդ նախագահի ասելով, այժմ իրադրությունը ճիշտ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: «Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորությունների ակնհայտ գերակշռություն ուներ` հօգուտ նախագահի ինստիտուտի` ի հաշիվ խորհրդարանի եւ կառավարության: Նա էր ձեւավորում նաեւ ամբողջ դատական իշխանությունը: Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձարարությամբ: Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք եւ այլն: Ըստ էության, ձեւախեղված էին իշխանությունների տարանջատման եւ նրա ճյուղերի միջեւ հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից եւ ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը:Այսպիսով, այն ժամանակ համընկնում էին սահմանադրական բարեփոխումներ կատարելու երեք կարեւորագույն հանգամանք`ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները եւ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները», - բացատրել է Ռոբերտ Քոչարյանը, հավելելով, որ նշված գործոններից ոչ մեկն այսօր գոյություն չունի: «Բայցեւայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրեւ թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապետի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց /իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա եւ հեռացա իշխանությունից՝ չկառչելով որեւէ պաշտոնից/», - նշել է երկրորդ նախագահը:
Իսկ այժմ, ընդգծել է նա, առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն, եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք: «Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության եւ առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաեւ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է», - հայտարարել է Քոչարյանը, հավելելով, որ Սահմանադրության հաճախակի փոփոխություններն, ընդհանրապես, կասկածելի են: «Խոսքը գործող Սահմանադրության այս կամ այն հոդվածները հղկելու մասին չէ. դա կատարելագործման բնական գործընթաց է՝ լրամշակման միջոցով: Խոսքը պետական կառավարման բնագավառում հաճախակի փոփոխությունների խնդրայնության մասին է: Այդպիսի փոփոխությունների իրականացումը իշխանությունների կազմակերպչական ռեսուրսների էական ծախսեր է պահանջում: Ի դեպ, հասարակությունն իներցիոն բնույթ ունի եւ երկար է հարմարվում այդպիսի փոփոխություններին: Այդ պարագայում իրենք` իշխանության ինստիտուտներն էլ ադապտացվելու երկար ժամանակի կարիք են զգում: Կարծում եմ, որ երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել: Իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա: Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել», - ամփոփել է երկրորդ նախագահը: