Հայկական հատուկ ստորաբաժանումների գործողությունները, որոնք դուրս են բերել խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները, հիացմունքի են արժանի, սակայն դրանք չեն արդարացնում Հայաստանի ղեկավարության հանցավոր անփութությունը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի վետերան, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:
ՙԻմ խորին համոզմամբ, մեր տղաների մարմինները կարելի էր և պետք է դուրս բերվեր այդ ողբերգական միջադեպից կես ժամ անց: Դա կարող էինք անել նաև մենք`պատերազմի վետերաններս, բայց ես գիտեմ, որ մենք գերազանց պատրաստված տղաներ ունենք զինված ուժերի շարքերում: Ցավում եմ, որ մեր օդաչուների մարմինները թշնամու կրակահերթի տակից դուրս են բերվել այսքան ուշացումով: Պետք չէր այդ մարդկանց ողբերգությունը քաղաքական շահարկումների առարկա դարձնել՚,- համոզված է Սարգսյանը:
Նա խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները, որը, նրա համոզմամբ, ոչ միայն անզեն ուղղաթիռի օդաչուներին անխուսափելի մահվան է ուղարկել, այլ նաև այդ ողբերգությունից անձնական փիար կազմակերպել: ՙԻնձ անհասկանալի է իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Սերժ Սարգսյանի պահվածքը: Մինչդեռ մեր օդաչուների մարմիններն ընկած են բաց դաշտում, ու վտանգ կա, որ նրանք կարող են վայրի կենդանիների ավար դառնալ, Սերժ Սարգսյանն ուղղաթիռով մեկնում է Ղարաբաղ և ինչ-որ անիմաստ ելույթներ ունենում՚,- ասել է Սարգսյանը:
Խոսելով միջադեպի մասին ընթացող քաղաքական գործընթացների համատեքստում`պատերազմի վետերանը հայտարարել է, որ շփման գծում ողբերգական միջադեպեր տեղի են ունենում այն պահերին, երբ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևն իրենց իշխանությանը սպառնալիք են զգում: Ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ Սարգսյանը և Ալիևը պայմանավորվել են միմյանց միջև՚,- նշել է վետերանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: