Հայ հնագետները մոտ են սենսացիոն բացահայտմանը, որը կշրջի հնադարյան մարդկանց տարածման վերաբերյալ պատկերացումը, որոնց բնօրրանն ընդունված է համարել աֆրիկյան մայրցամաքը:
2007 թվականից Հրազդանի կիրճում`Նոր գեղի համայնքում, պեղումներ է իրականացնում հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը: ՙՍտացված տվյալները կարելի է համաշխարհային մասշտաբի սենսացիա անվանել՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Սակայն, նա չի ցանկացել ժամանակից շուտ բացահայտել ՙուսումնասիրությունների գաղտնիքը՚: Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ին պատմել է արշավախմբի մասնակից Բորիս Գասպարյանը, հնագիտական պեղումները բացահայտել են տվյալներ, որոնք ամբողջովին փոխում են հնադարյան մարդկանց տարածման և Հայկական լեռնաշխարհի բնակեցման նախնական փուլերի մասին պատկերացումը:
Տարածված վարկածի համաձայն, Հայկական լեռնաշխարհի բնակեցումն անմիջականորեն կապված Աֆրիկայի հետ, որը համարվում է մարդկային տեսակների նախահայրենիքը: ՙԻսկ Նոր գեղիի հուշարձանը հարցեր է բարձրացնում, որը հակասում է հնադարյան մարդկանց տարածման վերաբերյալ մեր պատկերացումներին՚,- նշել է Գասպարյանը:
Ամենայն հավանականությամբ, ստացված նյութերը վերաբերում են նախապատմական մարդուն`Հոմո էրեկտուսին: Մոտ ժամանակներս արտերկրից կստացվեն լաբորատոր վերլուծությւոնների տվյալները, որոնք թույլ կտան որոշել հստակ թվագրումը: Սեպտեմեբրի 26-ին Նոր գեղիի պեղումների վերաբերյալ հոդված կհրապարակի ՙScience՚ միջազգային հեղինակավոր գիտական ամսագիրը: Բացի այդ, Հայաստանում և ԱՄՆ-ում զուգահեռաբար մամուլի ասուլիսներ կկազմակերպվեն, որոնց ժամանակ պաշտոնապես կներկայացվեն սենսացիոն բացահայտման վերաբերյալ տվյալները: