Ադրբեջանական զինված ուժերի կողմից խփված արցախյան ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրս բերման հատուկ գործողությունը ցույց է տվել, որ հայկական բանակը կարող է այնպիսի գործողություններ իրականացնել, որոնց կարող են շատ երկրներ նախանձել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Մինասյանը նշել է, որ ուղղաթիռի խցման միջադեպից հետո միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքել, քանի որ հանդես է եկել անհասցե կոչերով, մինչդեռ ագրեսիա դրսևորվել է Բաքվի կողմից: Այս համատեքստում նա ընդգծել է, որ քանի դեռ միջազգային հանրությունը մատնացույց չանի ագրեսորին և հստակ գնահատական չտա կատարվածին, Ադրբեջանի կողմից նման ծանր հանցագործությունները կշարունակվեն: ՙՀետևաբար, միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ ԼՂՀ-ում զինված գործողությունների վերսկսումը կանդրադառնա գլոբալ իրվիճակի վրա, քանի որ զգալի տնտեսական կորուստների կհանգեցնի՚,- նշել է քաղաքական գործիչը:
Պատգամավորը նաև հայտարարել է, որ միջազգային կառույցների և համաշխարհային տերությունների անհասցե հայտարարությունները հայկական արտաքին քաղաքական գերատեսչության բացթողումը չի համարում, քանի որ, նրա կարծիքով, ՀՀ ԱԳՆ-ը աշխատում է իր հնարավորություններին համապատասխան: ՙՑավոք, միջազգային հանրությունը պատշաճ քաղաքական կամք չդրսևորեց այս իրավիճակում, ինչն, անշուշտ, հետևանքներ կունենա՚,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: