Հայկական ուղղաթիռի և ադրբեջանական դիրքերի միջև այդքան
փոքր տարածությունը հայկական հրամանատարությանն ուղղված բազմամթիվ հարցեր է ծնում:
Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության
առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ, չկա ոչ մի պատճառ, որպեսզի ուղղաթիռն
ստիպված լիներ թռչել թշնամու առաջնային դիրքերից 150 մ հեռավորության վրա, իսկ
մինչև ղարաբաղյան դիրքերը եղել է 350 մ: «Այս հարցը բոլորն են տալիս, և այն հստակ
պատասխանի կարիք ունի», - ասել է նա:
«Ժառանգության»
առաջնորդը նաև ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ հայկական ուղղաթիռը խոցվել
է ռուսական զենքից: Նա քննադատության է ենթարկել Հայաստանի ռազմավարական դաշնակից
Մոսկվայի քաղաքականությունը, որն առատորեն սպառազինություն է մատակարարում
Ադրբեջան: Այդ համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ճիշտ չի համարել Հայաստանի
ընտրությունը Եվրասիական տնտեսական միության օգտին: Նրա ասելով, Հայաստանն
արևմտյան քաղաքակրթության մաս է կազմում: