Կենսաթոշակային
հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի գործով մեղադրյալներից մեկի այն
հայտարարությունը, թե Խաչիկյանը ժամանակին 250 հազար դոլար է տվել ՀՀ վերահսկիչ
պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին և մտադիր էր տալ նույնքան, իրականությանը չի
համապատասխանում և հիմարություն է: ՎՊ մամուլի ծառայությունում այդպիսի պատասխանով
են սահմանափակվել ԱրմԻնֆո-ի հարցմանը:
Նշենք, որ այդ գործով վերջին նիստի ժամանակ
մեղադրյալներից մեկը` Կենսաթոշակային
հիմնադրամի վճարման բաժնի նախկին ղեկավար Հովհաննես Գրիգորյանը, հայտարարել
էր, թե մեկ անգամ Վազգեն Խաչիկյանն իրեն կանչել էր իր մոտ և հայտարարել, որ 250
հազար դոլար է տվել ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանին և նույնքան էլ պետք է տար: Այդ
առնչությամբ Խաչիկյանն իր ենթակայից փող էր խնդրել, որպեսզի տա Զաքարյանին: Սակայն
Գրիգորյանը հավաստիացրել էր, որ կարող է տալ ընդամենը 20 մլն դրամ (50 հազար դոլար)`
դրամարկղից: Հետագայում նա իմացել էր, որ
Խաչիկյանը կանչել է Կենսաթոշակային հիմնադրամի Էրեբունիի, Շենգավիթի, Արաբկիրի և
Նոր Նորքի ծառայությունների ղեկավարներին և խնդրել Իշխան Զաքարյանին փողերի
վճարման ժամանակացույցներ կազմել:
Հիշեցնենք,
որ Հայաստանի սոցիալական ապահովման ծառայության նախկին ղեկավար, հանրապետական
Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին` խոշոր գումարի յուրացման
մեղադրանքով: Ավեի վաղ Խաչիկյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` իր գլխավորած
ոլորտում Վերահսկիչ պալատի կողմից հսկայական ֆինանսական խախտումների հայտնաբերման
առնչությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 113 մլն դրամի յուրացմանը: Սոցապ
ծառայության ղեկավարի պաշտոնում Խաչիկյանի գործունեության շրջանում արձանագրվել են
վաղուց մահացած կամ երկրից բացակա կենսաթոշակառուներին կենթաթոշակներ տալու
զանգվածային դեպքեր: