ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ
Բագրատյանը կառավարությանը կոչ է անում փոխել ՀՆԱ հաշվարկման մեթոդաբանությունը:
Հոկտեմբերի 23-ին ելույթ
ունենալով ԱԺ ամբիոնից` Բագրատյանը նշել է, որ ներկայում աշխարհի 200 առաջատար
տնտեսագետներ զբաղված են տնտեսության աճի հաշվարկի նոր մեթոդաբանության մշակմամբ:
Մինչդեռ երկրի կառավարությունում առաջվա
նման ելնում են հին կարծրատիպերից, ինչի մասին վկայում է տնտեսական հարցերի խորհրդարանական
հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ
Հայաստանում ՀՆԱ առավելագույն աճը դիտվել է 2007 թվականին: Բագրատյանն այդ
առնչությամբ հիշեցրել է, որ 1994 թվականին, երբ ինքը գլխավորում էր
կառավարությունը, երկրի տնտեսության աճը կրկնապատկվել էր, ինչը ռեկորդային
ցուցանիշ էր ինչպես ԱՊՀ, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրների համար: «Հենց այն
ժամանակ ձեռք բերվեցին հաղթանակներն Ադրբեջանի նկատմամբ, ստեղծվեց ՀՕՊ հզոր
համակարգ, և, միևնույն ժամանակ, ապահովվեց տնտեսության աննախադեպ աճ», - ասել է
պատգամավորը: Նրա հավաստմամբ, 2007 թվականին Հայաստանի ՀՆԱ 13 տոկոս աճի
ապահովումը ձեռք է բերվել երկու
գործոնների` «ԱրմենՏելի» վաճառքի և «ՎիվաՍել» ընկերության շուկա դուրս գալու
հաշվին: «Այդ մասին հարյուր անգամ ասվել է Հայաստանի երկրորդ նախագահին, սակայն նա
շարունակում է պնդել իրենը և գրքեր է գրում», - ափսոսանքով փաստել է Բագրատյանը:
Պատգամավորը
հիշեցրել է, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության վեց տարիներին երկրում
արձանագրվել է ՀՆԱ 7 տոկոսի աճ: Մինչդեռ, շարունակել է նա, այդ ցուցանիշն
անհրաժեշտ էր ապահովել ամեն տարի: «Նախանցած տարի տնտեսության աճը կազմել է 7,2
տոկոս, և դա այն դեպքում, որ դեֆլյատորն իջեցվել է մինչև 5 տոկոս, իսկ ինֆլյացիայի
տեմպերը բարձրացվել են մինչև 6 տոկոս», -
նշել է Բագրատյանը, հորդորելով չվախենալ գործող նախագահից, ով հայտարարել է
ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը 16 տոկոսից մինչև 21 տոկոս բարձրացնելու մասին:
«Համոզված եմ, որ պետության ղեկավարը չի զայրանա, եթե դուք նրան բացատրեք, որ այդ
ցուցանիշին հաջողվել է հասնել ինչպես հարկերի բարձրացման, այնպես էլ ՀՆԱ աճի
նվազման հաշվին», - նշել է Բագրատյանը`
դիմելով խորհրդարանական մեծամասնությանը: