Դրամի արժեզրկումը ոչ մի կերպ չի անդրադառնա 2015
թվականի պետբյուջեի հաջող իրականացման վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի
ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ
Մինասյանը դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ԱրմԻնֆո
գործակալության թղթակցի հարցին:
«Այսօրվա դրությամբ այդ կապակցությամբ ճշգրտումներ չեն նախատեսվում»,-ասել
է նա: Նրա խոսքով, արժեզրկման պատճառները, առաջին հերթին, դոլարի թանկացումն էր
համաշխարհային շուկայում, ինչպես նաև ռուբլու արժեզրկումը և նավթի գների անկումը:
Ինչպես նշել է Մինասյանը, «Մեր հասարակությունը, գործարարների և սովորական
քաղաքացիների հետ միասին, պետք է իրեն պահի խելամտության սահմաներում և վերջ տա
տիրող աժիոտաժին: Հասարակությունը պետք է ձեռնպահ մնա չհիմնավորված
գործողություններից, որոնք հետագայում կարող են շուկայում բերել լուրջ
հետևանքների»,-նշել է նա: Մինասյանը հավելել է, որ հայկական շուկայում տեղի
ունեցած թանկացումներն անիմն են և պայմանավորված են լրացուցիչ եկամուտներ ստանալու
բիզնեսի ակնկալիքներով:
ՀՀ խորհրդարանը հաստատել է երկրի 2015 թվականի պետբյուջեն, որով բյուջեի
դեֆիցիտը կազմում է 114 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի
2.34%-ը, իսկ ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1%: Բյուջեի նախագիծը ներկայացրել է ՀՀ
ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Նրա խոսքով, 2015 թվականին գնաճը ծրագրված է 4% (+ 1.5%), ՀՆԱ-ի նոմինալ
ծավալը` 4867,5 մլրդ. դրամ, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը`3.3%:
2015 թվականի բյուջեի եկամուտները կկազմեն 1,191 տրլն դրամ (այդ թվում
հարկային եկամուտները և տուրքերը`1 տրլն.138 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 23,39%-ը:
Բյուջեի ծախսերը կկազմեն 1,305 տրիլիոն դրամ կամ ՀՆԱ-ի 26.6%-ը: Երկրի
բյուջեով դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանված է 411 դրամ/դոլար: